Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում, հունվարի 19-ին Դամասկոսի հայկական ուսումնական հաստատությունների ղեկավարներին փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձներն ու դրամական նվիրատվությունները` Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը, Հայ կաթողիկե համայնքի առաջնորդ Հովսեփ եպիսկոպոս Առնաուտյանը, թեմական եւ գավառական ժողովների ու միությունների ղեկավարներ, հոգաբարձուների խորհուրդների անդամներ եւ դպրոցների տնօրեններ:
Հանդիսավոր պայմաններում դեսպան Արշակ Փոլադյանն ընթերցեց ՀՀ նախագահի ուղերձը, ուր, ջերմորեն շնորհավորելով հայկական դպրոցների ուսուցչական կազմի ներկայացուցիչներին ու սաներին, համոզմունք է հայտնվում, որ բարեկամ Սիրիայում մոտ ապագայում կտիրի սպասված խաղաղությունը, կայունությունը եւ ազգային համերաշխությունը՝ ընդգծելով որ թե՛ Հայաստանը, եւ թե՛ համայն հայությունը աջակցում են եւ աջակցելու են սիրիահայերին` վերագտնելու խաղաղություն եւ պահպանելու իրենց օջախները:
Իրենց շնորհակալական ելույթներում Դամասկոսի հայկական դպրոցների ղեկավարներն ու հոգեւոր հայրերը բարձր գնահատեցին ՀՀ Նախագահ պարոն Սերժ Սարգսյանի ջերմ վերաբերմունքն ու հոգատարությունը ծանր օրեր ապրող սիրիահայ գաղութի նկատմամբ եւ երախտագիտությամբ ընդունեցին ՀՀ Նախագահի կողմից ցուցաբերված դրամական օժանդակությունը: