Հարգելի ընթերցողներ, մեր գործադիր մարմիններում կային և դեռ մինչև հիմա կան հնաբնականեր, որոնց տասնյակ տարիների կառավարման ընթացքում տվյալ ոլորտում բազմաթիվ փոփոխություններ են եղել: Ինչպես բոլորս գիտենք, յուրաքանչյուր փոփոխություն իրենից ֆինանսական միջոցների փոշիացման ռիսկեր է պարունակում: Էլ չեմ ասում, որ վերոհիշյալ մարդիկ տասնյակ տարիներ շարունակ ի պաշտոնե տվյալ ոլորտում ղեկավարել են բազմաթիվ հանձնաժողովներ` սկսած տենդերների շահումներից վերջացրած տարբեր մրցույթներով: Այդպիսի մարդկանցից մեկն էր արդեն էքս փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, ով աշխատել է բազմաթիվ նախարարների հետ`նրանք գալիս գնում էին, իսկ ինքը մնում էր որպես ամենազդեցիկ պաշտոնյան ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարարությունում: Էլ չեմ ասում, որ մինչև փոխնախարար դառնալը նա ղեկավարել է Երևանի մետրոպոլիտենը և Հայկական երկաթուղին, որը ի դեպ ռուսական կողմին հանձնվեց այն ժամանակ, երբ ինքը նախարարի առաջին տեղակալն էր և ըստ աղբյուրների անձամբ նա էր պատասխանատուն հանձնման և ընդունման աշխատանքների ժամանակ: Այսինքն միլիոնների հասնող միջոցների հանձնումը, անհրաժեշտության դեպքում դրանց դուրսգրումը և այլն… վստահված էր հենց իրեն:
Ես այս հոդվածը չէի գրի, եթե վերջերս այդ նախարարությունից մի գլխավոր մասնագետի չհանդիպեի, և նա խոսակցության ժամանակ չասեր. «Հա հետո ինչ, որ ազատվել է աշխատանքից, իսկ հետաքրքիր է մեկն ու մեկի մտքով անցնո՞ւմ է ստուգել այս մարդու գործունեությունը, չէ՞ որ նրա մեկ ստորագրությունով կարելի էր միլիոններ աշխատել: Իհարկե ես այդտեղ լռեցի, քանի որ փաստացի պատճառ չունեի կասկածելու Հրանտ Բեգլարյանի անաչառ լինելու մեջ»: Սակայն երբ այդ գլխավոր մասնագետը հեռացավ, ես ինքս ինձ հարց տվեցի`իսկ որտեղի՞ց հանրությունը պետք է հիմնավորված փաստարկներ ունենար: Հիմնվելով այս ամենի վրա, ցանկանում եմ հարցս ուղղել ՀՀ Տրանսպորտի և Կապի նախարար պրն Գ. Բեգլարյանին. «Հարգարժան պրն նախարար, ի՞նչ կարծիքի եք, չարժե արդյոք համապատասխան հանձնաժողով ստեղծել և Ձեր ուժերով ստուգել վերոհիշյալ փոխնախարարը պատշաճ է աշխատել, թե ոչ: Հակառակ դեպքում վատ ավանդույթ է ձևավավորվում, որպեսզի ավելի արտահայտիչ լինեմ, փորձենք մի պահ պատկերացնել, որ Հրանտ Բեգլարյանը մի շարք չարաշահումներ է կատարել, բայց հիմա հեռացել է…
Իհարկե ես արդեն կռահում եմ, թե Դուք ինչ պատասխան եք տալու, դե մոտովրապես այսպես` նրա օրոք բազմաթիվ տարբեր վերահսկողոկան կառույցները ստուգումներ են իրականացրել և ոչինչ չեն հայտնաբերել, ի՞նչ իմաստ ունի մի անգամ ևս ստուգելու»: Սակայն այդպիսի պատասխան տալուց առաջ գոնե Դուք գիտեք, որ մի բան է, երբ տարբեր կառույցներն ընտրովի կարգով են ստուգումներ կատարում և այլ բան է, երբ ստուգումը կատարվում է ներսից` «սկզբից մինչև վերջ սկզբունքով»:
Հ.Գ.Հարգելի ընթերցողներ, նախապես ասեմ, որ կռահում եմ, որ շատերն այս հոդվածը կարդալուց հետո կարող են ասել` այ քեզ միամիտ հոդվածագիր, ի՞նչ իլյուզիաներով է ապրում….
Կարեն Թումանյան