Քաղաքական 

Հենց այս խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին. Հարությունյան

Այսօր անբարոյականություն է և՛ Նիկոլ Փաշինյանի կողմից, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, որ իրենք երթ են անում: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը՝ խոսելով Մարտի 1-ի երթի մասին:

Հարությունյանի խոսքերով, դա նույն բանն է, որ Նաիրի Հունանյանը դուրս գա բանտից, դառնա վարչապետ, մի հատ էլ երթ անի. «Այն, որ դու ժողովրդին հրահրում ես, տանում ես բախման, իսկ դու փախչում ես, և քո հոգին փառավորվում է ամեն մի վառվող մեքենայից…Կամ Լևոն Տեր-Պետրոսյանը, տանը նստած, լավ իմանալով, թե ինչ է կատարվում, չի կանխում: Տեր-Պետրոսյան, դու որ ինչ-որ գրքեր ես գրում, քեզ համարում ես քրիստոնյա, բայց չես ընդունում քեզ հետ հանդիպել ցանկացող կաթողիկոսին: Օգտվելով առիթից՝ ասեմ, եթե Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ովքեր են իր եվրոմամաները, Տեր-Պետրոսյանը հրաժարվեց ճանաչել Փաշինյանի քաղաքական հայրությունը, սակայն դա չի ազատում Փաշինյանին պատասխանատվությունից, քանի որ նրանք Մարտի 1-ով կապված են իրար հետ: Նրանք իրար հետ կապված են նաև Արցախի հարցի վերաբերյալ մոտեցումներով:

Մենք գիտենք, թե ինչ կարգախոսով Լևոն Տեր-Պետրոսյանը մասնակցեց ԱԺ ընտրություններին: Իսկ ինչ վերաբերում է Մարտի 1-ին, ուղղակի շոուի ռեսուրս չկա, դրա համար պետք է նորից գրգռել ժողովրդին: Իսկ այն, որ մենք հայտնվել ենք այս վիճակում, նաև Սահմանադրության պատճառով է: Այն կարվեց Սերժ Սարգսյանի վրայով, ուղղակի որոշ տեղերից այդ շուլալվածը պայթեց»:

Ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին վերադառնալու վերաբերյալ ՀԱԿ-ի առաջարկին, Հարությունյանը կարծում է, որ այս կերպ կոնգրեսականները ցանկանում են օգնել Փաշինյանին՝ հասկանալով, որ վերջինիս հենց այսօրվա խորհրդարանի միջոցով կարող է մի տարի հետո պաշտոնանկ արվի:

Նույն շարքից