Ես լավ գիտեմ, թե որն է լինելու Հայաստանի հիմնը, բայց ոչ այսօր, ոչ վաղը, գուցե ոչ առաջիկա 10 տարում: Այսօր՝ փետրվարի 26-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը՝ նշելով, որ ինքը միակ ողջ մարդն է ում երգերից երկուսը եղել են հիմնի թեկնածու և հավելելով, որ հենց սկզբից մերժել է իր երգերից որևէ մեկով Միքայել Նալբանդյանի ստեղծագործությունը փոխարինելը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը նախաձեռնել է հիմնը փոխելու գործընթաց: Նա նույնիսկ քվեարկություն էր կազմակերպել, որի արդյունքում եկել էր եզրահանգման, որ հիմնի մասով հայ հասարակության մեջ առնվազն կոնսենսուս չկա:
«Աշխարհում քիչ ազգեր ունեն 180 տարվա հիմներգ: Այս հիմներգը 180 տարվա պատմություն ունի: Այո, Նալբանդյանն իտալացի աղջկա շուրթերով է իր համար նվիրական իղձերը մատուցել, հիմա ի՞նչ, ասենք, թե ինչու հայ աղջկա շուրթերով չի մատուցե՞լ: Անկախ ու ազատ Հայաստանի մասին է խոսում ցարական բռնաբետության պայմաններում: Միքայել Նալբանդյանի դեմ պայքարողները թող հիշեն, թե ինչ ճակատագիր ունեցավ այդ մեծ հայը, մաղթե՞մ ձեզ նրա ճակատագիրը, նրա դեմ վայրահաչելու համար»,-ասաց Հայրիկյանը:
Անդրադառնալով Սիմոնյանի նախաձեռնությանը՝ Հայրիկյանը նշեց. «Ալեն Սիմոնյան, ուրախ եմ, որ բոլշևիկ պապիկիդ հարգում ես, պետք է հարգես, բայց պետք է հարգես պապիկիդ, ոչ բոլշևիկին»: