Քաղաքական 

Ռուսաստանը պատրաստ է նոր գաղափարներ առաջարկել ԼՂ խնդրի կարգավորման հարցով. Լավրով

Մոսկվան ԵԱՀԿ Մինսկի խմբի այլ համանախագահների հետ պատրաստ է նոր առաջարկներ ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, սակայն վերջին խոսքը պետք է լինի Երևանինն ու Բաքվինը, հայտնել է ՌԴ-ի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

 

Interfax.az-ի փոխանցմամբ՝ Լավրովն այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսին մասնավորապես ասել է. «Ամերիկացիների և ֆրանսիացիների հետ մենք խթանում ենք երկու կողմերին էլ, պատրաստ ենք գաղափարներ առաջարկել Բաքվի և Երևանի դիտարկմանը, սակայն վերջին խոսքը նրանցն է»:

 

Նա նշել է, թե «ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կողմից նախնական նյութեր կան, որոնք բանակցությունների փուլում են»: Այդ նախնական առաջարկները կողմերը չեն մերժում, սակայն Լավրովի գնահատականով՝ լրացուցիչ ջանքեր են հարկավոր սկզբունքային պայմանավորվածության հասնելու և տարածաշրջանային խնդիրը լուծելու համար:

 

Ռուսաստանցի պաշտոնյան ասել է, որ հակամարտության կողմերի փոխարեն իրենք չեն կարող աշխատանք կատարել: Նա ասել է, որ հույս է ներշնչում անցած տարվա նոյեմբերին Վիեննայում ՀՀ և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև կայացած հանդիպումը, քանի որ 2 տարի նման շփում չէր եղել:

 

Լավրովն ասել է նաև, թե «որքան կարելի է հասկանալ հայ և ադրբեջանցի բարեկամների շփումներից՝ նախագահները հիմնականում գոհ են եղել իրենց զրույցից, պայմանավորվել են այն շարունակել արտգործնախարարների մակարդակով»:

 

Լավրովը նաև չի հաստատել, թե Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը ԼՂՀ-ի ներկայացուցչություն կա։

Նա եզրափակել է, թե Վիեննայի կոնվենցիաներին պետք է հետևեն բոլորը:

Նույն շարքից