Քաղաքական 

«Զվարթնոցին» հարող բնակելի շենքերը կքանդվեն, բնակիչներին նոր տներով կապահովեն. Քաղավիացիայի վարչության պետ

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց, որ 2014-ի գերակա խնդիրներից է լինելու «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքի բնակելի շենքերի բնակարանների սեփականատերերին և նույն տարածքի նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու նպատակով շինարարական աշխատանքների իրականացումը:

«Ըստ այդմ, օդանավակայանին հարող տարածքում գտնվող բնակելի շենքերի և նույն տարածքում գտնվող նախկին հանրակացարաններում փաստացի բնակվող բնակիչների համար կկառուցվեն նոր բնակելի շենքեր, որով կլուծվի 176 ընտանիքի սոցիալական խնդիր: Այդ նպատակով Հարավարևմտյան թաղամասում արդեն իրականացվում է շինարարություն»,- ասաց նա:

Անդրադառնալով օդանավակայանի հին շենքի քանդման հարցին՝ վերջինս հիշեցրեց, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը մեկ առաջարկ է արել, որ եթե մշակութային պահպանման առումով խնդիրներ կան, ապա կարելի է այգի ստեղծել և հուշարձաններն այնտեղ տեղափոխել: Էռնեկյանի թիմը համաձայնել է այդ առաջարկին, բայց վերջնական որոշում դեռ չկա: «Իրենք այս մեկ տարվա ընթացքում լուծումներ կմտածեն»,- ասաց Արտյոմ Մովսեսյանը՝ հավելելով, որ շենքի քանդման հարցը նույնպես հստակ չէ:

Նույն շարքից