Տնտեսություն Քաղաքականություն 

Կուտակայինի հանդեպ բնակչության վստահության դեֆիցիտ կա.Մհեր Շահգելդյան

analitik.am

Տարին բավականաչափ հետաքրքիր է սկսվել, քաղաքական ակտիվությունը բավական բարձր է: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ հավելելով, որ Ազատության հրապարակում օրերս տեղի ունեցած հանրահավաքն իրենք շատ բնականոն են գնահատում:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջի հարցազրույցներին՝ նա դրանք որակեց քաղաքական ակտիվացման և դիրքորոշումների արտահայտման գործողություններ: «Մենք Քոչարյանի հարցազրույցները դիտարկում ենք որպես քաղաքականություն վերադառնալու հայտ: Լուծման կարիք ունեցող խնդիրներ կան, դրանք եղել են նաև Ռոբերտ Քոչարյանի օրոք»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագահական ընտրություններին դեռ բավական ժամանակ կա, և ՕԵԿ-ը Քոչարյանին սատարել-չստարելու մասին որոշում կայացնելու և դիրքորոշում արտահայտելու բավական ժամանակ ունի:

Ինչ վերաբերում է գազի սակագնի շուրջ հասարակական դժգոհություններին, Մհեր Շահգելդյանը նշեց, որ բնակչությունն օրենքի հանդեպ վստահության պակաս ունի: «Գաղտնիք չէ, որ օրենքը մեծ դժգոհություններ է առաջացրել մարդկանց շրջանում, և պետք է անել ամեն բան՝ վերականգնելու վստահության դեֆիցիտը: Բոլորն էլ ուզում են ապահով ծերություն ունենալ, սակայն մարդիկ չգիտեն՝ ինչ կարող է լինել իրենց կուտակած գումարների հետ, ասենք, 25 տարի հետո: Միաժամանակ, կարծում ենք, որ նախագահն այս հարցի առնչությամբ դիրքորոշում կհայտնի: Մենք այսօր աշխատում ենք կուտակային հիմնադրամի գործունեությունն առավել վստահելի դարձնելու նախագծի վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ հավատում է օրենքի դեմ բողոքող երիտասարդների անկեղծ պոռթկումին: 

Հարցին՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկել՝ կանխելու արտագաղթի ահագնացող չափերը, Մհեր Շահգելդյանը նկատեց, որ խնդիրը լուծելու համար նախևառաջ պետք է աշխատատեղեր ստեղծել: «Քաղաքական յուրաքանչյուր գործիչ սոցիալական քաղաքականության համար պատասխանատվություն է կրում»,- ասաց նա:

Անդրադառնալով Բրյուսելում վաղը կայանալիք Եվրանեսթի նիստին՝ պատգամավորը նկատեց, որ այն շատ կարևոր է Հայաստանի համար:

Ադրբեջանի կողմից վերջին օրերին հրադադարի խախտման և հայ զինվորի զոհվելու թեմային անդրադարձում Մհեր Շահգելդյանը նկատեց, որ ադրբեջանական նավթի գործոնը և այդ գործոնի վրա ունեցած վստահությունը բերում է հակառակորդի այդպիսի ագրեսիվ վարքի: «Ադրբեջանը շարունակելու է նման միջադեպերը, բայցև հայկական կողմը արժանի պատասխան է տալիս հակառակորդին»,- ամփոփեց Մհեր Շահգելդյանը:

Նույն շարքից