Հյուսիսային Կորեան կարող է դառնալ ծաղկող երկիր միայն դենուկլեարիզացիայի դեպքում: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ կորեական երկիրը կարող է դառնալ Վյետնամի նման ծաղկող:
«Ներուժն անհավանական է, հսկայական հնարավորություններ կան իմ ընկեր Կիմ Չեն Ընի համար, ով չունի իր նմանը պատմության մեջ»,-գրել է Թրամփը:
ԱՄՆ նախագահը նաև խնդրել է դեմոկրատներին չասել իրեն, թե ինչ պետք է անել Հյուսիսային Կորեայի հետ և իրենց հարցնել, թե ինչու դա չեն արել 8 տարվա ընթացքում, երբ նախագահ է եղել Օբաման:
Փետրվարի 26-ին Թրամփն արդեն հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան հնարավորություն ունի դառնալու աշխարհի ամենազարգացած տնտեսություն ունեցող երկրներից մեկը:
Նշենք, որ փետրվարի 27-28-ին Վյետնամում տեղի է ունենալու Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն երկրորդ հանդիպումը: