Գլխավոր Իրավական 

Բախումն անհետևանք չմնաց. Սասնա ծռերի գործով նիստերը կլինեն դռնփակ

analitik.am

Սասնա ծռեր խմբի գործով դատական նիստերը շարունակվում են: Դատարանում ցուցմունք է տալիս ՊՊԾ գնդի գրավման օրերին Ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը, ով այժմ գտնվում է կադրային ռեզերվում:

Իր ցուցմունքում Հովհաննիսյանը նշեց, որ ինքը գնդի տարածք է մեկնել ահազանգ ստանալուց հետո: Դեպքի վայր ժամանելուց հետո վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ կոչեր են եղել ներսից, Հովհաննիսյան ասաց, որ հայհոյանքներ են եղել, նաև կոչեր՝ զենքերը վայր դնելու մասին, ինչպես նաև հնչել են կրակոցներ:

Ցուցմունք տալու ընթացքում բախում տեղի ունեցավ նիստերի դահլիճում, ինչի արդյունքում դատավոր Մեսրոպ Մակյանը ստիպված ընդմիջում հայտարարեց:

Ընդմիջումից հետո դատավոր Մակյանն ընթերցեց համապատասխան զեկուցագիրը, որում գրված էր, որ ցուցմունք տալու պահին Գևորգ Սաֆարյանը վիրավորել է ցուցմունք տվող, գործով անցնող տուժող Արամ Հովհաննիսյանին՝ վերջինիս անվանելով հիմար: Դրան պատասխանելով՝ դահլիճում ներկաներից մեկը Սաֆարյանին անվանել է հիմարը դու ես, ինչից հետո դահլիճում լարված իրավիճակ է ստեղծվել, ներկաները չեն ենթարկվել դատարանի պահանջին:

Դատավոր Մակյանը հիշեցրեց շաբաթներ առաջ տեղի ունեցածը, երբ նմանատիպ միջադեպից հետո դատարանը որոշում կայացրեց նիստերն անցկացնել դռնփակ՝ ներս թողնելով միայն լրագրողներին, որպեսզի ապահովվի թափանցիկությունը: Ավելի ուշ Մակյանը որոշում էր կայացրել նիստերը դռնբաց անցկացնելու մասին՝ ևս մեկ հնարավորություն տալով քաղաքացիներին մասնակցելու դատական նիստերին:

Ապա Մակյանը հայտարարեց, որ այս պահից դատական նիստերը լինելու են դռնփակ մինչև դատաքննության ավարտը: Սակայն իրենց գործունեությունը կշարունակեն լրատվամիջոցները, ինչի արդյունքում կբացառեն այն պնդումները, թե իբր նիստերը դռնփակ են անցկացվում, որպեսզի օբյեկտիվ ճշմարտությունը չբացահայտվի:

Դատավորը հավելեց, որ գործի քննությունը հետաձգվում է, քանի որ նախորդ փորձից կարելի է ենթադրել, որ դահլիճում գտնվողները չեն լքելու դահլիճը: Հաջորդ նիստին քաղաքացիները չեն կարող մասնակցել, ներկա կլինեն միայն լրագրողները:

 

Նույն շարքից