Խորհրդարանում ավարտվել է ԱԺ Իմ քայլը խմբակցության պատագամավորների հանդիպումը հերթական նախարարի հետ: Այսօր՝ փետրվարի 27-ին, իշխող ուժի «զոհը» ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն էր:
Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նախարար Հարությունյանը խոսել է նաև տարածված տեղեկությունների մասին, որ ոստիկանության ու ԱԱԾ-ի կողմից ճնշումներ են գործադրվում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամների վրա, որպեսզի վերջիններս կողմ քվեարկեն ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականին: Նախարարը նշել է, որ հրաժարական կտա, եթե նման բան եղած լինի:
Ինչ վերաբերում է իր հորդորներին, որ Արամ Սիմոնյանը պետք է հրաժարական տա, Հարությունյանը նշել է, որ ինքը ոլորտի պատասխանատուն է և իր մտահոգությունների մասին կարող է խոսել. «Որոշումները կայացնողները ձևավորված խորհուրդներն են: Իսկ ինչ վերաբերում է խոսակցություններին, որ ճնշումներ կան, դրանք հնարավոր է ստուգել, պետք է խոսել նրանց հետ, ում մասով նման խոսակցություններ կան»:
Նախարարն այսօր չցանկացավ կարծիք հայտնել ռեկտորի պաշտոնանկության մասին՝ նշելով, որ չի ցանկանում ճնշում գործադրել որոշում կայացնողների վրա:
Հարությունյանը նաև հավաստիացրեց, որ ինքը ինֆորմացիա չունի այն մասին, թե ինչ ստուգումներ են արել բուհերում ՊՎԾ-ն ու մյուս մարմինները, այդ մասին կիմանա, երբ փաստաթուղթը ստորագրությամբ և կնիքով լինի իր սեղանին: