Խոսել ենք շատ հարցերի վերաբերյալ, պատասխանել եմ մոտ 15-16 պատգամավորի հարցերի: Խորհրդարանում ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ևս այդքան պատգամավոր գրանցված է եղել հարցեր տալու համար, դրա համար պայմանավորվածություն է ձեռք բերվել մարտի 19-ին կրկին հանդիպում կազմակերպել:
Հարցերի հիմնական թիրախը եղել է դպրոցը, խոսվել է դպրոցին վերաբերող ամենատարբեր հարցերի մասին:
Հարությունյանը նշեց, որ նախնական ծրագրերում կա սեպտեմբերից ուսուցիչների աշխատավարձերը բարձրացնելու հարցը. «Ամբողջական համակարգը՝ նույն դրույքների հետ կապված, ուշադրության կենտրոնում է, երեկ էլ նաև մարզպետների հետ այս հարցով քննարկում ենք ունեցել, և վերջնական հասկանալուց հետո կանդրադառնանք աշխատավարձի բարձացմանը»:
Հարցին, թե որտեղից է գումարը տրամադրվելու, Հարությունյանը նշեց, որ դա արվելու է նաև խնայողությունների հաշվին. «Եթե սեպտեմբերից անենք, մեծ ճնշում չի լինի բյուջեի վրա»:
ԿԳ նախարարը չասաց, թե ինչ չափով է աշխատավարձը բարձրանալու. «Գիտեք, որ իրականացնում ենք «Ուսուցիչ» նախագիծը, սեպտեմբերից արդեն կլինի: Ուսուցիչների վերապատրաստման համակարգ ենք ներդնելու, որի արդյունքում այն անցած ուսուցիչների աշխատավարձը 50 տոկոսով կբարձրանա»: