Ինչպես ամիսներ առաջ քաղաքական ուժերը բաժանվեցին սևերի և սպիտակների, հիմա էլ մամուլն է այդպես բաժանվում: Այսօր՝ փետրվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը. «Մենք տեսնում ենք, որ մեր որոշ հպարտ կոլեգաներ հպարտ բաներ են ասում, թե մամուլը պետք է իր ծախսերը ծածկի, պետք է թափանցիկություն լինի: Ի վերջո լրագրությունում բոլորն իրար ճանաչում են, բոլորը գիտեն, թե նրանք ոնց են դարձել հպարտ, ինքնածախսածածկվող, ուղղակի չենք ուզում այդ մասին բարձրաձայնել»:
Նշենք, որ այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչները լրատվամիջոցների հետ հանդիպել էին խոսելու համար քաղաքապետարանի որոշման մասին, որի համաձայն լրատվամիջոցները 5 օրում պետք է լքեն Երևանի Արշակունյաց 2 հասցեում գտնվող Մամուլի շենքը, Իսահակյան 28 և Բուզանդի 1/3 հասեցում գտնվող շենքերը:
«Բոլորս գիտենք, թե ինչպես եղավ հեղափոխությունը: Այն եղավ մամուլի ու ժողովրդի միջոցով: Ժողովուրդն այն ժամանակ հպարտ էր, իսկ հիմա դարձել է աղքատ ուղեղներով ժողովուրդ, հա՞: Այսինքն, արդեն իրենց պետք չէ հեղափոխության գործիքը, արդեն շպրտում են: Այն ժամանակ մամուլն ազատ էր, օպերատիվ, հեղափոխական, իսկ հիմա հայտարարվում է, որ մամուլի 90 տոկոսը նախկին իշխանությունների են պատկանում և պատերազմ հայտարարվեց մամուլին: Սա այդ պատերազմի հերթական ճակատամարտն է, որ իշխանությունը հարձակվել է, և, այսպես ասած, ոչ իշխանական մամուլը պետք է պաշտպանվի: Նրանք ժամանակին եղել են լրագրող, գիտեն, թե ինչպիսին է տրամադրությունը, սակայն նրանց թվում է, որ դա կարող են ջարդել»,-ասաց Ենոքյանը: