Տնտեսություն Քաղաքականություն 

Տիգրան Սարգսյանի ու նրա կնոջ գույքն ու եկամուտները

analitik.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գույքի ու եկամուտնեի հայտարարագրերի ուսումնասիրությունից հետո բավականին անհետաքրքիր է թերթել որևէ այլ բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարագիրը: Մյուս պաշտոնյաների հայտարարագրերը ԲՀԿ ղեկավարի հայտարարագրերի համեմատ շատ աղքատիկ էին թվում, հատկապես որ մի քանի մլն դոլար արժողությամբ ադամանդյա մատանի կամ 116 հազար եվրո արժողությամբ կահույք չկա նշված:

Այնուամենայնիվ մենք թերթելու ենք բարձրաստիճան բոլոր պաշտոնյաների հայտարարագրերը, և այս անգամ մեր ուշադրության կենտրոնում է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վերջինս բարձրաստիճան պաշտոնյա է արդեն երկու տասնամյակ: Միայն 10 տարի նա եղել է Կենտրոնական բանկի նախագահ, իսկ վերջին 6 տարիներին՝ վարչապետ: 

Տ.Սարգսյանի 2013թ. մայիսի 2-ին լրացրած հայտարարագրում հայտարարագրի անշարժ գույքի բաժնում նշված է 2 բնակարան, 2 առանձնատուն, մեկ հողամաս և մեկ ավտոտնակ: Երկու բնակարանները գտնվում Երևանում և ունեն համապատասխանաբար մոտ 122 և 90 քառակուսի մետր տարածք: Առանձնատներից մեկը նույնպես գտնվում է Երևանում և ունի 134 քմ տարածք, մյուսը՝ Նուռնուս գյուղում, մոտ 96 քմ: Մոտ 3000 քմ մակերեսով հողատարածքը գտնվում է Դիլիջանում: 

Տ.Սարգսյանը գրանցել է նաև 1979թ. մի ՎԱԶ 2103 ավտոմեքենա: Նրան են պատկանում նաև «Արցախ ՀԷԿ»-ի 0,0513 տոկոս բաժնետոմսերը: Ինչ-որ տեղ նա ունի նաև 6 մլն 335 հազար 920 դրամի բաժնետոմսեր, սակայն փակ է այդ ընկերության անունը:

Տ.Սարգսյանն իր հայտարարագրի դրամական միջոցների բաժնում նշել է, որ ունի 987 հազար դոլար և 12 մլն դրամ: Դժվար է ասել, թե գործող վարչապետն ու ԿԲ նախկին նախագահը որտեղից է կուտակել այսքան գումարը: Ամեն դեպքում, Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը շատ քիչ է մոտ 1 մլն դոլար ունենալու համար: Համենայն դեպս, նշված է, որ նա մի դեպքում 16, մյուս դեպքում՝ 28 մլն դրամ եկամուտ է ստացել բանկերում դրված ավանդների տոկոսավճարներից: Այսինքն՝ վարչապետը բանկերում բավականին մեծ ավանդներ ունի դրված, որ 44 մլն դրամ կամ 110 հազար դոլար տոկոսավճար է ստացել:

Չի բացառվում, որ նա իր գումարը կուտակել է ԿԲ նախագահ եղած ժամանակ: Հայտնի է, որ ՀՀ ԿԲ նախագահներն իրենց համար միլիոնավոր դրամների հասնող աշխատավարձ են նշանակում: Նրանք ԿԲ տնօրինության տակ գտնվող գումարները 7-8 տոկոսով տալիս են առևտրային բանկերին և ստացած շահույթը տնօրինում են իրենց հայեցողությամբ: 

Բացի դրանից՝ Տ.Սարգսյանը հայտնի է որպես բանկային և ֆինանսական ոլորտում տարատեսակ գործարքների հեղինակ, և չի բացառվում, որ դրանց արդյունքում կարողացել է մեծ գումարներ աշխատել: Ամեն դեպքում, դեռևս հայտնի չէ, թե Տ.Սարգսյանն ինչ բիզնես ունի: Եվ կարծիք կա, որ նա փող է աշխատում հիմնականում բանկային ու ֆինանսական շուկայում:

Վարչապետի կնոջ՝ Գոհար Սարգսյանի հայտարարագրում նույնպես որոշակի գույք և եկամուտ կա նշված: Վերջինս անշարժ գույքի բաժնում նշել է 4 գույք: Փակ է, սակայն, այն հատվածը, որտեղ պետք է նշված լինի, թե որ քաղաքում կամ երկրում են դրանք գտնվում: 

Հիշեցնենք, որ տիկին Սարգսյանը առանձնատուն ունի Իսպանիայում, և չի բացառվում, որ նրա հայտարարագրում նշված 4 անշարժ գույքերից մեկը հենց դա է: Նրա հայտարարագրում նշված է նաև 3 շարժական գույք՝ ամենայն հավանականությամբ ավտոմեքենա: 

Վարչապետի կինն ունի մոտ 129 հազար դոլար և 15 մլն դրամ: Իր ամուսնու օրինակով նա էլ որոշակի եկամուտ ստացել է բանկերում ներդրած ավանդների տոկոսավճարներից: 

Վարչապետն ու իր կինը չեն լրացրել որևէ այլ թանկարժեք գույք, ասենք՝ զարդ կամ այլ իր, որը կգերազանցեր 8 մլն դրամը կամ համապատասխանաբար 20.000 դոլարը: Գուցե նրանց զարդերն ավելի փոքր տրամաչափի են, դրա համար էլ հայտարարագրման ենթակա չեն: Չի բացառվում նաև, որ պարզապես ինչ-որ բան չեն հայտարարագրել:


Սկզբնաղբյուրը՝ http://m.1in.am/arm/armenia_politics_245751.html

Նույն շարքից