168 ժամը գրում է. «Օրերս ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «Ժպիտների քաղաք» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացնելով հիմնադրամի առաջիկա անելիքները՝ նշել էր, որ նախատեսել են ֆինանսական աջակցություն ցուցաբերել այն զույգերին, որոնք պատրաստվում են արտամարմնային բեղմանվորում և ներարգանդային սեղմնավորում կատարել:
«Սա նույնպես նախնական հետազոտման և հայեցակարգի մշակման փուլում է։ Որքանով մենք նախկինում խոսել ենք արված աշխատանքներում ներգրավված մարդկանց ու մասնագետների հետ, սա բավականին մեծ բյուջե ունեցող ծրագիր է։ Որպեսզի պարզ լինի, ասեմ, որ նախկինում սա արվել է «Արագիլ» հիմնադրամի միջոցով, որը նույնպես դադարեցրել է գործունեությունը, և այժմ մենք ունենք մոտ 400 զույգի գոյացած հերթ»,- ասել էր Աննա Հակոբյանը։
Աննա Հակոբյանի՝ իրականությանը չհամապատասխանող այս հայտարարությունը խուճապ է առաջացրել այն քաղաքացիների մոտ, ովքեր ներգրավված են «Արագիլ» հիմնադրամի բարեգործական ծրագրերի շրջանակներում արտամարմնային բեղմնավորում և ներարգանդային սեղմնավորում կատարելու համար։
Հիշեցնենք, որ «Արագիլ» հիմնադրամն աջակցություն է ցուցաբերում այն զույգերին, որոնք չեն կարողանում բնական ճանապարհով երեխա ունենալ։
Այս կապակցությամբ այսօր հայտարարությամբ է հանդես եկել «Արագիլ» հիմնադրամը, որում ասվում է.
«Աննա Հակոբյանը ասուլիսի ժամանակ նշել է, թե անցյալում արտամարմնային բեղմնավորումը (ԷԿՕ) անզավակ զույգերի համար ֆինանսավորում էր «Արագիլ» հիմնադրամը, սակայն այժմ այն դադարեցրել է իր գործունեությունը։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը. մենք շարունակում ենք մեր գործունեությունը առանց փոփոխությունների: Այս պահին ընթացքի մեջ են գտնվում 80-ից ավելի զույգեր, ծնվել է մեր 639-րդ բալիկը, իսկ իրենց հերթին սպասում են ևս թվով 358 զույգ: Վերջին թվով պայմանավորված էլ ժամանակավոր դադարեցվել են նոր զույգերի գրանցումները: Ի լրումն նշենք, 2014 թվականից ի վեր գրանցումները իրականացվում են տարվա մեջ մեկ կամ երկու անգամ՝ 2 շաբաթից մինչև 2 ամիս տևողությամբ»։
Եվ ուրեմն ի՞նչ նպատակ էր հետապնդում Աննա Հակոբյանի, մեղմ ասած, ոչ ճիշտ այդ հայտարարությունը։ Իրականում այն նպատակ ունի խոչընդոտելու «Արագիլի» աշխատանքը։
Նմանատիպ մի հայտարարություն էլ արվել էր արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաների օգնության «Նվիրիր կյանք» հիմնադրամի կապակցությամբ, որի հոգաբարձուների խորհուրդը ստիպված եղավ պատասխան-ասուլիսով հանդես գալ»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում