Քաղաքական 

Սեյրան Օհանյանը կմասնակցի Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորությանը

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցելու է հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներխուժման ժամանակ զոհված սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հուղարկավորման արարողությանը: Այս մասին հայտնեց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հերոս զինվորի թաղմանը կմասնակցի բանակի ղեկավար կազմը:

Նշենք, որ Արմենին հողին կհանձնեն այսօր Եռաբլուրում։ Կլինի պատվո պահակախումբ, զինվորական նվագախումբ, զորամասից եւ նախարարությունից բարձրաստիճան սպաներ կայցելեն՝ հարգանքի տուրք մատուցելու։

Ավելի վաղ Analitik.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը, ժամը 23:50-ից մինչեւ 00:15-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Ջրաբերդ) եւ հարավարեւելյան (Կորգան) ուղղություններում՝ արձանագրվել են ադրբեջանական կողմի դիվերսիոն խմբերի ներթափանցման միաժամանակյա փորձեր. մարտական դիրքում իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարելու ժամանակ զոհվել էր կրտսեր սերժանտ Արմեն Լեւոնի Հովհաննիսյանը: Արցախի նախագահ Բակո Սահակյանը ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։

Նույն շարքից