Տնտեսություն գլխավոր 

Հայաստանը կարող է կրկնապատկել Իրանից ներմուծվող գազի ծավալները

Այսօր՝ փետրվարի 28-ին, կառավարության նիստից հետո Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, խոսելով Իրանում վարչապետ Փաշինյանի հայտարարության մասին, թե Հայաստանը պատրաստ է տարանցիկ երկիր լինել իրանական գազի համար և կրկնապատկել գազի ներկրման ծավալները, հայտարարեց, որ այդ հնարավորությունը միայն դրական կարող է ազդել Հայաստանում եղած ենթակառուցվածքներն արդյունավետ օգտագործելու համար. «Կարծում եմ, որ այնտեղ կան չօգտագործված ծավալներ: Որքան ես տեղյակ եմ, այսօր հզորությունները թույլ են տալիս առնվազն կրկնապատկել ծավալները: Ավելի մանրամասն կասեն Էներգետիկայի նախարարությունից»:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել էր, որ պատրաստ են ավելի մեծ ծավալների գազ վաճառել Հայաստանին: Նա խոսել էր նաև Հայաստանի տարածքով Վրաստան գազ արտահանելու մասին:

Լրագրողների հետ զրույցում նախարար Խաչատրյանը, պատասխանելով հարցին, թե տեխնիկապես խողովակաշարը թույլ կտա արդյո՞ք մեծացնել Իրանից գազի ներմուծման ծավալները կամ Վրաստան այն տեղափոխել, նշեց՝ այո. «Որքան ես տեղյակ եմ, գազամուղի կեսն է օգտագործվում, կամ՝ ավելի պակաս: Հետևաբար պատասխանն է այո»:

 

 

Նույն շարքից