Քաղաքացիներն իրավունք ունեն երթերի միջոցով արտահայտելու իրենց ազատ արտահայտվելու իրավունքը, բայց մենք պետք է հասկանանք, որ այդ ողբերգական իրադարձությունը միայն երթերով ու հավաքներով լուծում չի կարող ստանալ: Մարտի 1-ին պետք է տրվի և՛ քաղաքական, և՛ իրավական գնահատական: Այսօր՝ փետրվարի 28-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ խոսելով մարտի 1-ին կայանալիք երթի մասին:
Փոստանջյանի խոսքերով, մինչ այս պահը չկա ոչ քաղաքական գնահատական, ոչ՝ իրավական. «Բացի դրանից, եթե մենք երթ ենք անում և այն ուղևորվելու է դեպի Մյասնիկյանի արձան, ապա ուր է զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը: Եթե մենք ուզում ենք, որ մեր հանրության մեջ նաև մշակութային առումով տեղի ունենան փոփոխություններ, պետք է լինեն նաև հուշարձաններ, որոնք կպատմեն, թե ինչ է տեղի ունեցել այդ օրը Երևանի փողոցներում: Եթե դրանք չկան, ուղղակի երթ անելը, բոլորիս ողբերգությունը քաղաքական նպատակներով օգտագործելն անթույլատրելի է: Մենք տեսնում ենք, որ այդ միջոցառումները ծառայում են ոչ թե իրենց բուն նպատակին, այլ ուղղակի օգտագործվում են, սպասարկում են նեղ քաղաքական խմբերի նպատակները»:
«ԵԾ» ղեկավարը նշեց, որ Հայաստանում շուրջ 10 ամիս գոյություն ունեցող կառավարությունը հռչակել էր, որ Մարտի 1-ը պետք է բացահայտվի. «Նա Հանրապետության հրապարակում բղավեց, որ Մարտի 1-ը բացահայտված է: Ցավում եմ, որ նրա ցանկությունները, նպատակը, հայտարարությունը կեղծիք են, որովհետև Մարտի 1-ը բացահայտված չէ: Մեր բոլորի նպատական է գնահատականներ տալը, մինչդեռ դա չկա»: