Քաղաքական 

Քննարկվել են ընտրական բարեփոխումներին վերաբերող հարցեր

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և Ֆրանսիայի Պետական խորհրդի պատվիրակության  անդամներ Իվ Դուտրիոնին և Իվ Գունենին, ովքեր մեր երկրում են  ԱՄՆ ՄԶԳ գործակալության հրավերով` «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» ծրագրի շրջանակում:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ ընտրական օրենսդրության բարեփոխումները և ընտրական համակարգի կայացումն ու համապատասխան ինստիտուտների զարգացումը մեր երկրի քաղաքական օրակարգի կարևոր մասն են:

Ժոնաթան Լաքոտը, կարևորելով նման ձևաչափով հանդիպումները, ընդգծել է, որ Հայաստանում գտնվող տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ շահագրգռված են երկկողմ համագործակցությամբ:

Դեբորա Գրիզերը հավաստիացրել է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է իրականացվող համատեղ ծրագրերը  շարունակելու և կյանքի կոչելու:

Խորհրդարանի ղեկավարը հյուրերի խնդրանքով ներկայացրել է ընտրական օրենսգրքի բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում առաջիկայում իրականացվելիք քայլերն ու անհրաժեշտ իրավական կարգավորումների շրջանակը:

Զրուցակիցները կարևորել են Ազգային ժողովի և Հայաստանում գործող միջազգային կառույցների ակտիվ փոխգործակցությունը, փորձի փոխանակումը: Ազգային ժողովի նախագահը հայտնել է իր պատրաստակամությունը օժանդակել առավել ծավալուն համագործակցության կայացմանը:

 

Նույն շարքից