Քաղաքական 

Ս. Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Վարդանանց տոնն այս տարի նշեց փետրվարի 28-ին: Այս առիթով Մայր Աթոռի միաբանությունը Պատարագի սրբազան արարողությանը մասնակցեց Ս. Գայանե վանքում:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Ս. Պատարագին ներկա էին թեմերում և Մայր Աթոռի կառույցներում սպասավորող եկեղեցականներ, բարերար հայորդիներ, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ և բազմաթիվ ուխտավորներ:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձավ Ս. Վարդանանց տոնի խորհրդին և Ավարայրի ազդեցությանը հետագա հայոց պատմության վրա:

«Հայ ժողովրդի պատմության ոսկետառ էջերից մեկը կերտած հերոսներին ենք անդրադառնում այսօր, սիրելի հավատացյալներ, և հիշատակում Վարդանանց սուրբերին:

Մեր պատմությունը, ցավալիորեն, լի է օրինակներով, երբ մեծ ու զորեղ տերությունները, գայթակղվելով բիբլիական մեր երկրով, բազմիցս փորձել են գրավել այն և վերջ դնել հային ու նրա աստվածատուր ինքնությանը: Ինքնություն, որ սկիզբ է առել դեռևս ազգերի ձևավորման ակունքներից, զորացել հային հատուկ քաջարի ոգով, հարուստ մշակույթով ու լեզվով, և հետո էլ՝ Հայ Եկեղեցու ուսուցանած աստվածային ճշմարտությամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ սնուցել է նաև հայրենիքի, Մայր Եկեղեցու և ազգային արժեքների հանդեպ սիրով, և սովորեցրել. հայապահպանությունը յուրաքանչյուր հայորդու սրբազան պարտականությունն է:

Վստահ եմ, հենց այս մշտամնա արժեքների մասին էին մտածում Տղմուտի ափին հավաքված Վարդանանց քաջարի հերոսները, երբ «իմացեալ մահն» աչքերի առաջ նայում էին գետի մյուս ափին գտնվող թվով իրենց գերազանցող բանակին, սակայն անմահության ձգտող հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցված Քրիստոսի աստվածային զորությամբ, ապրելու կամքով և արդարության ձայնը հնչեցնելու վճռականությամբ, անդրդվելի էր՝ մինչև վերջին շունչն ի սեր հայրենիքի պայքարելու եւ այդ հայրենիքում իր հավատքն ազատ դավանելու հավաքական որոշման մեջ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը` հավելելով, որ Ավարայրի ճակատամարտն առաջինն էր քրիստոնեության պատմության մեջ, երբ մի ժողովուրդ իր քրիստոնյա հավատքի ու համոզմունքների, իր հայրենիքի և ազատության համար ողջակիզվում էր կամավոր զոհաբերությամբ:

«Լույսի և խավարի պայքարն էր Ավարայրը: Հավերժության և ակնթարթի պայքարն էր Տղմուտի ափին։ Խավարն ու ակնթարթը չկարողացան կասեցնել լույսն ու հավերժությունը։ Եվ լույսը հորդեց, հավերժությունը հաղթանակեց և իր մեջ ընդգրկեց ժամանակն ամբողջ։

Ոտքի ելան քաջազուն հայորդիք ու փափկասուն տիկնայք անկոտրում կամքով պաշտպանելու իրենց հավատը, լեզուն, մշակույթը՝ ազգի ինքնության առհավատչյան: Տեր կանգնեցին հայոց նորաստեղծ բառ ու բանին, ծաղկում ապրող մեր ինքնությունն ու դիմագիծը պատմության մեջ կերտող քրիստոնեական մեր նոր մշակույթին:

Մայր Եկեղեցին Ավարայրի դաշտում միայնակ չէր թողել իր անձնվեր զավակներին և նրանց կողքին էր՝ ի դեմս կաթողիկոսի և ողջ հոգևորականաց, ովքեր ոչ միայն խոսքով էին քաջալերում, այլև ամրապնդում էին հոգևոր սպառազինությամբ: Ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին բոլոր չմկրտվածներին, Տիրոջ Սուրբ Արյան ու Մարմնի ճաշակմամբ, Սուրբ Հոգու պարգևած առատաբուխ շնորհներով զորացնելով հայրենանվեր քաջերին և ամրացնելով նրանց հավատի մեջ», - ասաց Սրբազանը` հաստատելով, որ հոգևորականը գիտե՛ր ոչ միայն աղոթքով զորացնել, խոսքով խանդավառել հայ շինականին ու հայ ծնողին, գութանից սուր ու վահան կռելու և զավակին հպարտությամբ ռազմի դաշտ ճանապարհելու, այլև գիտեր սեփական անձնազոհ օրինակով առաջամարտիկը լինել խաչն ու սուրը ձեռքին:

Պատարագիչն ընդգծեց նաև, որ Ավարայրում հայը մեկընդմիշտ ապացուցեց, թե խաղաղ աշխատելու, ստեղծագործելու ու աղոթելու կողքին գիտի նաև կռվել, դիմադրել ու անհանդուրժողական ոգի ցույց տալ բոլոր նրանց, ովքեր փորձել են կամ կփորձեն հայոց փոքրիկ, սակայն, ազատասեր հայրենիքը ստրկացնել։ Ըստ նրա, Ավարայրը տևեց մեկ օր միայն, սակայն մինչ օրս հպարտությամբ է հիշատակվում սերունդների կողմից՝ ռազմական դեպքից վերափոխվելով պատմական մեծ դասի` փաստելով, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդված մարդու ոգին անկոտրում է և, թեկուզ մարմինն էլ սպանվի, անմահ հոգին, միևնույն է, հաղթանակում է:

Մուշեղ եպիսկոպոսը նշեց, որ Ավարայրի քաջալերող սխրանքը այսօր ևս շարունակում է ապրել մեր սրտերում և ամեն տեղ՝ աշխատանքում, գիտության, արվեստի, տնտեսության, յուրաքանչյուր մի բնագավառում, ապրում է նաև սփյուռքում, ուր հայը գրեթե ամեն օր մղում է իր Ավարայրը հանուն հավատքի և հայության, որ չկորցնի իր ազգային դիմագիծը, որ հայ մնա և ապրի։ Սրբազանը հաստատեց, որ այս նոր ավարայրների դեմ հաստատուն կամքով կանգնած է Հայոց Եկեղեցին և անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելությունը:

Հայրենի երկրի առջև ծառացած արտաքին մարտահրավերներից ելնելով` նա կարևորեց, որ ազգային ու հոգևոր արժեքները փոխանցվեն սերնդե-սերունդ, որպեսզի մեր հերոս նախնիների նման հայորդյաց սրտերը ջերմեռանդ սիրով բաբախեն թե՛ հայրենիքի և թե՛ Հայոց Եկեղեցու համար:

Սրբազանը միաբանակից եղբայրների և հավատացյալների անունից շնորհավորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին անվանակոչության օրվա կապակցությամբ` նշելով, որ հայոց եկեղեցիներում այսօր կատարվող Հայրապետական մաղթանքի ընթացքում ամենքը պիտի ծնրադիր աղոթեն բարերար և բազումողորմ Աստծուն` կոչման մեջ հաստատուն ու անսասան պահելու Հայոց Հայրապետին` շարունակելու հեզությամբ և ուղղափառ հավատով հովվելու իր հոգևոր խնամքին հանձնված հայոց ածուին:

Տոնի առիթով Սրբազան հայրն իր շնորհավորանքներն ուղղեց նաև Վարդանանց սրբերի անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Տիրոջ ողորմությամբ բոլորը Վարդանանց ոգու շնորհընկալը լինեն:

Սուրբ Վարդանանց պայծառ հիշատակի առջև խոնարհումով և բարեխոսության հայցմամբ Մուշեղ Սրբազանը խաղաղություն և անդորրություն մաղթեց երկրին հայոց և համայն աշխարհին:

Սրբազան արարողության ավարտին, նախագահությամբ Մայր Աթոռի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արևշատության համար:

 

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ս. Վարդանանց տօնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Ս. Վարդանանց տօնն այս տարի նշեց փետրուարի 28-ին: Այս առիթով Մայր Աթոռի միաբանութիւնը Պատարագի սրբազան արարողութեանը մասնակցեց Ս. Գայանէ վանքում:

Պատարագիչն էր Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրէն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանը: Ս. Պատարագին ներկայ էին թեմերում եւ Մայր Աթոռի կառոյցներում սպասաւորող եկեղեցականներ, բարերար հայորդիներ, Գեւորգեան հոգեւոր ճեմարանի սաներ եւ բազմաթիւ ուխտաւորներ:

Ս. Պատարագի ընթացքում Մուշեղ Սրբազանն անդրադարձաւ Ս. Վարդանանց տօնի խորհրդին եւ Աւարայրի ազդեցութեանը յետագայ հայոց պատմութեան վրայ:

«Հայ ժողովրդի պատմութեան ոսկետառ էջերից մէկը կերտած հերոսներին ենք անդրադառնում այսօր, սիրելի հաւատացեալներ, եւ յիշատակում Վարդանանց սուրբերին:

Մեր պատմութիւնը, ցաւալիօրէն, լի է օրինակներով, երբ մեծ ու զօրեղ տէրութիւնները, գայթակղուելով բիբլիական մեր երկրով, բազմիցս փորձել են գրաւել այն եւ վերջ դնել հային ու նրա աստուածատուր ինքնութեանը: Ինքնութիւն, որ սկիզբ է առել դեռեւս ազգերի ձեւաւորման ակունքներից, զօրացել հային յատուկ քաջարի ոգով, հարուստ մշակոյթով ու լեզուով, եւ յետոյ էլ՝ Հայ Եկեղեցու ուսուցանած աստուածային ճշմարտութեամբ: Դարեր ի վեր հայ ժողովուրդն իր սերունդներին կաթի հետ սնուցել է նաեւ հայրենիքի, Մայր Եկեղեցու եւ ազգային արժէքների հանդէպ սիրով, եւ սովորեցրել. հայապահպանութիւնը իւրաքանչիւր հայորդու սրբազան պարտականութիւնն է:

Վստահ եմ, հէնց այս մշտամնայ արժէքների մասին էին մտածում Տղմուտի ափին հաւաքուած Վարդանանց քաջարի հերոսները, երբ «իմացեալ մահն» աչքերի առաջ նայում էին գետի միւս ափին գտնուող թուով իրենց գերազանցող բանակին, սակայն անմահութեան ձգտող հայի անկոտրում ու հերոսական ոգին՝ սնուցուած Քրիստոսի աստուածային զօրութեամբ, ապրելու կամքով եւ արդարութեան ձայնը հնչեցնելու վճռականութեամբ, անդրդուելի էր՝ մինչեւ վերջին շունչն ի սէր հայրենիքի պայքարելու եւ այդ հայրենիքում իր հաւատքն ազատ դաւանելու հաւաքական որոշման մէջ», - նշեց Մուշեղ եպիսկոպոսը` յաւելելով, որ Աւարայրի ճակատամարտն առաջինն էր քրիստոնէութեան պատմութեան մէջ, երբ մի ժողովուրդ իր քրիստոնեայ հաւատքի ու համոզմունքների, իր հայրենիքի եւ ազատութեան համար ողջակիզւում էր կամաւոր զոհաբերութեամբ:

«Լոյսի եւ խաւարի պայքարն էր Աւարայրը: Յաւէրժութեան եւ ակնթարթի պայքարն էր Տղմուտի ափին։ Խաւարն ու ակնթարթը չկարողացան կասեցնել լոյսն ու յաւէրժութիւնը։ Եւ լոյսը յորդեց, յաւէրժութիւնը յաղթանակեց եւ իր մէջ ընդգրկեց ժամանակն ամբողջ։

Ոտքի ելան քաջազուն հայորդիք ու փափկասուն տիկնայք անկոտրում կամքով պաշտպանելու իրենց հաւատը, լեզուն, մշակոյթը՝ ազգի ինքնութեան առհաւատչեան: Տէր կանգնեցին հայոց նորաստեղծ բառ ու բանին, ծաղկում ապրող մեր ինքնութիւնն ու դիմագիծը պատմութեան մէջ կերտող քրիստոնէական մեր նոր մշակոյթին:

Մայր Եկեղեցին Աւարայրի դաշտում միայնակ չէր թողել իր անձնուէր զաւակներին եւ նրանց կողքին էր՝ ի դէմս կաթողիկոսի եւ ողջ հոգեւորականաց, ովքեր ոչ միայն խօսքով էին քաջալերում, այլեւ ամրապնդում էին հոգեւոր սպառազինութեամբ: Ճակատամարտին նախորդող գիշերը մկրտել էին բոլոր չմկրտուածներին, Տիրոջ Սուրբ Արեան ու Մարմնի ճաշակմամբ, Սուրբ Հոգու պարգեւած առատաբուխ շնորհներով զօրացնելով հայրենանուէր քաջերին եւ ամրացնելով նրանց հաւատի մէջ», - ասաց Սրբազանը` հաստատելով, որ հոգեւորականը գիտէ՛ր ոչ միայն աղօթքով զօրացնել, խօսքով խանդավառել հայ շինականին ու հայ ծնողին, գութանից սուր ու վահան կռելու եւ զաւակին հպարտութեամբ ռազմի դաշտ ճանապարհելու, այլեւ գիտէր սեփական անձնազոհ օրինակով առաջամարտիկը լինել խաչն ու սուրը ձեռքին:

Պատարագիչն ընդգծեց նաեւ, որ Աւարայրում հայը մէկընդմիշտ ապացուցեց, թէ խաղաղ աշխատելու, ստեղծագործելու ու աղօթելու կողքին գիտի նաեւ կռուել, դիմադրել ու անհանդուրժողական ոգի ցոյց տալ բոլոր նրանց, ովքեր փորձել են կամ կը փորձեն հայոց փոքրիկ, սակայն, ազատասէր հայրենիքը ստրկացնել։ Ըստ նրա, Աւարայրը տեւեց մէկ օր միայն, սակայն մինչ օրս հպարտութեամբ է յիշատակւում սերունդների կողմից՝ ռազմական դէպքից վերափոխուելով պատմական մեծ դասի` փաստելով, որ Ճշմարիտ Աստծով ամրապնդուած մարդու ոգին անկոտրում է եւ, թէկուզ մարմինն էլ սպանուի, անմահ հոգին, միեւնոյն է, յաղթանակում է:

Մուշեղ եպիսկոպոսը նշեց, որ Աւարայրի քաջալերող սխրանքը այսօր եւս շարունակում է ապրել մեր սրտերում եւ ամէն տեղ՝ աշխատանքում, գիտութեան, արուեստի, տնտեսութեան, իւրաքանչիւր մի բնագաւառում, ապրում է նաեւ սփիւռքում, ուր հայը գրեթէ ամէն օր մղում է իր Աւարայրը յանուն հաւատքի եւ հայութեան, որ չկորցնի իր ազգային դիմագիծը, որ հայ մնա եւ ապրի։ Սրբազանը հաստատեց, որ այս նոր աւարայրների դէմ հաստատուն կամքով կանգնած է Հայոց Եկեղեցին եւ անխոնջ կատարում է հայապահպան իր առաքելութիւնը:

Հայրենի երկրի առջեւ ծառացած արտաքին մարտահրաւէրներից ելնելով` նա կարեւորեց, որ ազգային ու հոգեւոր արժէքները փոխանցուեն սերնդէ-սերունդ, որպէսզի մեր հերոս նախնիների նման հայորդեաց սրտերը ջերմեռանդ սիրով բաբախեն թէ՛ հայրենիքի եւ թէ՛ Հայոց Եկեղեցու համար:

Սրբազանը միաբանակից եղբայրների եւ հաւատացեալների անունից շնորհաւորեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսին անուանակոչութեան օրուայ կապակցութեամբ` նշելով, որ հայոց եկեղեցիներում այսօր կատարուող Հայրապետական մաղթանքի ընթացքում ամէնքը պիտի ծնրադիր աղօթեն բարերար եւ բազումողորմ Աստծուն` կոչման մէջ հաստատուն ու անսասան պահելու Հայոց Հայրապետին` շարունակելու հեզութեամբ եւ ուղղափառ հաւատով հովուելու իր հոգեւոր խնամքին յանձնուած հայոց ածուին:

Տօնի առիթով Սրբազան հայրն իր շնորհաւորանքներն ուղղեց նաեւ Վարդանանց սրբերի անունները կրող հայորդիներին` մաղթելով, որ Տիրոջ ողորմութեամբ բոլորը Վարդանանց ոգու շնորհընկալը լինեն:

Սուրբ Վարդանանց պայծառ յիշատակի առջեւ խոնարհումով եւ բարեխօսութեան հայցմամբ Մուշեղ Սրբազանը խաղաղութիւն եւ անդորրութիւն մաղթեց երկրին հայոց եւ համայն աշխարհին:

Սրբազան արարողութեան աւարտին, նախագահութեամբ Մայր Աթոռի երիցագոյն միաբաններից Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքեանի, կատարուեց Հայրապետական մաղթանք` Ամենայն Հայոց Կաթողիկոսութեան անսասանութեան եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կենաց արեւշատութեան համար:

 

Նույն շարքից