Քաղաքականություն 

Независимая газета-ի անդրադարձը ռուս-ադրբեջանական պայմանավորվածությանը

analitik.am

Ռուսաստանն ավարտել է մարտական ուղղաթիռների մատակարարման Ադրբեջանի պատվերը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»` նշելով, որ խոսքն օրերս տեղ հասցված 24 Ми-35М ուղղաթիռների մասին է, որոնց պատվերը տրվել էր դեռ 2010-ի սեպտեմբերին:

Ուղղաթիռները պատվիրել է Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայությունը, դրանց մատակարարումը սկսվել է 2011-ի դեկտեմբերից: Ми-35М-ը գերազանցում է Ми-24-ը` արագությամբ և խուսանավման ցուցանիշներով, բեռնատարությամբ և զինվածության առումով: Այս թռչող սարքերը նախատեսված են զրահատեխնիկայի ոչնչացման, ցամաքային ուժերի աջակցման, վիրավորների տարհանման, դեսանտի և բեռների փոխադրման համար:

Աղբյուրը նկատում է, որ Բաքուն տարեցտարի ավելացնում է ժամանակակից տեխնիկայով ու սպառազինություններով իր զինուժը համալրելու ծախսերը: Անցած տարի պաշտպանական կարիքների համար իշխանությունները 3,7 մլրդ ԱՄՆ դոլար են տրամադրել: Դրանցից մոտ 1 մլրդ-ը տրամադրվել է ռուսական ռազմատեխնիկայի գնման համար:

Այս տարի սկսվել է ցամաքային զինատեսակների մատակարարումը, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել 2011–2012 թթ.: Խոսքը մասնավորապես 94 միավոր Т-90С տանկերի և մոտ 100 միավոր ցամաքային ուժերի մարտական БМП-3 մեքենաների, 18 միավոր ինքնագնաց Мста-С սարքերի, 18 Смерч հրթիռային համակարգերի արձակման սարքերի և այլնի մասին է:

Ադրբեջանական մամուլի տվյալներով՝ վերջին մի քանի տարիներին Բաքուն Ռուսաստանից 3 մլրդ դոլարի ռազմատեխնիկա և զինամիջոցներ է գնել: Այդ տեխնիկայի մեծ մասը ցուցադրվել է անցած տարվա շքերթի ընթացքում, որը նվիրված է եղել Ադրբեջանի զինված ուժերի «95-ամյակին»:

Աղբյուրի փոխանցմամբ` առաջիկայում Բաքու - Մոսկվա ռազմական համագործակցությունն էլ ավելի է սերտանալու: Մինչև 2015-ը Ռուսաստանը մտադիր է ոչ միայն սեփական արտադրության զենք և ռազմական տեխնիկա ապահովել Ադրբեջանին, այլև մասնակցել Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության և մի շարք մասնագիտացումներով կադրերի պատրաստման գործին: Ռազմական համագործակցության արժեքը նշված շրջանի համար կհասցվի 5 մլրդ դոլարի:

Նույն շարքից