Քաղաքական 

Լիլիթ Մակունցը հայտնեց, թե ինչ հարցեր են քննարկել Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ

Հնարավոր բոլոր հարցերը հնչել են: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ խոսելով Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հետ հանդիպման մասին:

Մակունցը նշեց, որ մասնավորապես հարցեր են հնչել հանցագործությունների աճի պատճառների մասին և այն մասին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվում իրավիճակը շտկելու համար. «Ոստիկանապետը մի քանի պատճառ նշեց՝ համաներում, հաղորդում տվողների թվի աճ: Նա նշեց՝ եթե նախկինում մարդիկ խուսափել են ոստիկանությանը դիմելուց, այսօր մեծամասնությունը կաշկանդված չեն: Օսիպյանը հայտնեց, որ իրավիճակը վերահսկելի է՝ հավելելով, որ իրենք համագործակցում են նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ»:

Հարցին, թե խոսվել է արդյո՞ք ոստիկանության թվի կրճատման մասին, Իմ քայլը խմբակցության ղեկավարն ասաց, որ նման հարց չի հնչել. «Հարց է հնչել ոստիկանների աշխատավարձի հետ կապված»:

Հարցին, թե ինչ առաջնահերթությամբ են հանդիպումներ ունենում պաշտոնյաների հետ և ինչու էին հրավիրել հենց Ոստիկանապետին, Մակունցը նշեց, որ իրենց անհանգստացրել է հանցագործությունների թվի աճը:

Մակունցը հերքեց տեղեկություններն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կարգադրությամբ են հանդիպումներ ունենում գործադիրի անդամների հետ:

Վաղը Իմ քայլը խմբակցությունը հանդիպելու է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն պապիկյանի հետ:

Նույն շարքից