Ռուսաստանում օրենքով գողերն ու իրավապահներն ակտիվորեն պատրաստվում են նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից նախաձեռնած օրենսդրական փոփոխությանը: Այս մասին հայտնում է Ռոսբալթը՝ հղում անելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, որ ՌԴ պետդուման արդեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրենքով գողերի մասին Պուտինի ներկայացրած նախագիծը, որով պատիժ է սահմանվում քրեական աշխարհի հեղինակությունների համար հենց միայն այն բանի համար, որ նրանք ունեն նման դիրք հանցավոր աշխարհում:
Նշվում է, որ քրեական աշխարհի պարագլուխների հեռախոսները գաղտնալսվելու են, նրանց հետևելու են և ցանկացած կարգադրություն, որը կհաջողվի ֆիքսել, բավարար կլինի գործ հարուցելու համար:
Ենթադրվում է, որ նոր օրենքը ստիպելու է օրենքով գողերին լքել Ռուսաստանի տարածքը և իրենց խմբերը ղեկավարել դրսից: Նշվում է, որ քրեական հեղինակություններից շատերն արդեն այդ կերպ են վարվում՝ գործելով Թուրքիայից, Ադրբեջանից, Իտալիայից և այլն:
Գործակալությունը գրում է, որ կան սակայն օրենքով գողեր, որոնց հասնելն այդքան էլ հեշտ չի լինի, եթե՝ ոչ անհնար: Խոսքը վերաբերում է խոշոր ընկերությունների ղեկավարներին, ովքեր հարուստ են և ազդեցիկ ունեն օրինական եկամուտի աղբյուր: Նման մարդկանց գաղտնալսելը, հետևելը որևէ օգուտ չի կարող տալ: