Այս գիշեր կրկին հրաձգություն է տեղի ունեցել Հնդկաստանի և Պակիստանի սահմանին, ինչի արդյունքում պակիստանյան կողմից արձակված կրակոցներն առնվազն 3 խաղաղ բնակչի կյանք են խլել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Հնդկական ոստիկանությունը հայտնել է, որ պակիստանյան կողմից արձակված արկն ընկել է սահմանի մոտ գտնվող տներից մեկի վրա՝ խլելով տանը գտնվող մոր և երկու երեխաների կյանքը:
Geo TV-ն իր հերթին, հղում անելով Պակիստանի իշխանություններին, հայտնում է, որ գիշերը Հնդկաստանի կողմից անկանոն կրակ է բացվել սահմանային բնակավայրերի վրա, ինչի արդյունքում մեկ երեխա է զոհվել, կան վիրավորներ, ավերվել են բնակելի շինություններ:
Հնդկաստանի և Պակիստանի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին փետրվարի 14-ից հետո, երբ սահմանային գոտում մահապարտն ահաբեկչություն կատարեց: Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնեց Ջայիշ-ե-Քաշմիր խմբավորումը, որի ղեկավարը՝ Մասուդ Ազհարը, հնդկական կողմի տեղեկություններով թաքնվում է Պակիստանում: Այն ժամանակ ահաբեկչության զոհ դարձավ 45 մարդ:
Դրանից հետո Հնդկաստանը Պակիստանին մեղադրեց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ: Իսլամաբադն իր հերթին այդ մեղադրանքներն անհիմն անվանեց՝ հերքելով աջակցությունը: Այդ միջադեպը խիստ լարեց առանց այդ էլ լարված հարաբերությունները՝ հանգեցնելով նույնիսկ օդային ճակատամարտի, ինչի արդյունքում կողմերրը կործանիչներ կորցրեցին: