«Ընդհանուր առմամբ մենք կորուստների նվազում ունենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ կորուստները հասցնենք մինիմումի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սեյրան Օհանյանը:
Ինչ վերաբերում է բանակում որդիներ կորցրած ծնողներին, ովքեր մշտապես լինում են Կառավարության շենքի մոտ և բողոքում են իրենց որդիների գործերով տարվող քրեական գործընթացից, նախարարը նշեց, որ ստեղծվել է հանձնաժողով այդ հարցերը քննարկելու համար, սակայն մինչև հիմա 3 դիմում է ներկայացվել:
Հարց հնչեց նաև այն մասին, թե ծնողները բողոքում են նախարարի վերաբերմունքից՝ ասելով, թե նա վերջին անգամ մի ծաղիկ էլ չի դրել իրենց զոհված զինվորների շիրիմներին, ինչին նախարարը պատասխանեց. «Ես խոնարհվում եմ մեր զինվորների շիրիմներին, կարող եք տեսնել, թե որքան եմ այցելում մեր ընկերների շիրիմներին և վառ պահում նրանց հիշատակը, բայց մի՞թե պաշտպանության նախարարը կարող է ամեն տեղ լինել, իհարկե, ոչ։ Չգիտեմ որտեղ պետք է լինեմ, թող ասեն լինեմ»:
Սեյրան Օհանյանը նաև նշեց, որ բանակում չկա այնպիսի երևույթ, որ որևիցե դեպք փորձեն թաքցնել, չբացահայտել. «Որևիցե մի բան թաքցնել հանրությունից անհնար է, և մենք բարոյապես ցածրացած կլինենք»: