Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում, «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդ: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Աբովյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչն ու փորձաքրեագետը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի վերջնամասում, Աբովյան քաղաքի սկզբնամասում գործող «Արմենիա» պանդոկի մենեջերն է, ով Աբովյան քաղաքի բնակիչ, 25-ամյա Վահագն Գաբրիելյանն է:
Ոստիկանությունը պարզում է, թե որտեղ է դանակահարվել մենեջերը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է նաև, որ նշված պանդոկը պատկանում է Բալահովիտի գյուղապետի տեղակալին: Հիվանդանոցից հայտնել են, որ վիրավորի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպանում:
Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: