Քիչ առաջ Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ 4 խմբակցությունների և «Դ!եմ եմ» նախաձեռնության միջնորդությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կիրարկումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։
Այս մասին ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում.
«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում:
Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»:
Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։
Նշենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։