Քաղաքական 

Նալբանդյանի և Մամեդյարովի հանդիպման ժամանակ ԵԱՀԿ համանախագահները կողմերին կոչ են արել պահպանել հրադադարի ռեժիմը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) հանդիպում են անցկացրել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ՝ շարունակելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունները: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:

 

Ինչպես նշվում է ԵԱՀԿ պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ՝ նախարարներն ու համանախագահները քննարկել են խաղաղ բանակցություններն առաջ մղելու հարցը՝ հիմնվելով Վիեննայի 2013թ. նոյեմբերի 19-ի գագաթնաժողովի վրա, որից հետո կայացել էր նախարարների հանդիպումը Կիևում՝ դեկտեմբերի 5-ին: Նախարարները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակել աշխատել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բանակցությունների միջոցով:

 

Դեսպան Կասպշիկը համանախագահներին տեղեկացրել է սահմանին և շփման գծում վերջին իրադարձությունների մասին: Համանախագահները խորը մտահոգություն են հայտնել տարածաշրջանում բռնությունների շարունակման կապակցությամբ՝ ընդգծելով, որ վերջին միջադեպերը խափանում են բանակցությունները և նվազեցնում խաղաղ կարգավորման հեռանկարները: Նրանք կողմերին կոչ են արել լիովին և անխոս պահպանել հրադադարի ռեժիմի պայմանները:

 

Համանախագահները ծրագրում են առաջիկա շաբաթներին այցելել տարածաշրջան՝ նախագահների հետ բանակցությունները շարունակելու համար:

Նույն շարքից