Քաղաքական 

Նալբանդյանը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչումը

Հունվարի 24-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հանդիպումը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները սկզբում առանձին հանդիպումներ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ, ապա բանակցությունները շարունակվել են ընդլայնված ձևաչափով` արտգործնախարարների, Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ։

Հիմնվելով նոյեմբերի 19–ին Վիեննայում Հայաստանի և Ադրբեջանի Նախագահների գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների վրա և ի շարունակություն դեկտեմբերի 5–ին Կիևում ԱԳ նախարարների հանդիպման` քննարկվել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվելիք քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա առաջին կեսին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` տարածաշրջան այցելելու վերաբերյալ:

Նախարար Նալբանդյանը համանախագահների ուշադրությունն է հրավիրեց Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում լարվածության շեշտակի մեծացման և հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների, Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով հնչեցվող ռազմատենչ և Հայաստանի նկատամամբ տարածքային նկրտումներ պարունակող հայտարարությունների վրա, որոնք ակնհայտ սադրիչ բնույթ են կրում և լուրջ հարված են հասցնում բանակցային գործընթացին:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ դրանք նվազեցնում են հիմնախնդրի կարգավորման և խաղաղության հասնելու հեռանկարները և ակնհայտ արհամարհանք են եռանախագահ երկրների ղեկավարների կողմից բազմիցս արված կոչերին` ձեռնպահ մնալու հայտարարություններից և գործողություններից, որոնք կարող են ավելացնել լարվածությունը տարածաշրջանում և հանգեցնել իրավիճակի էսկալացիայի:

Այս համատեքստում Հայաստանի արտգործնախարարը կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի  համանախագահների`հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կյանքի կոչումը՝ որպես սադրանքների կանխարգելման հնարավոր մեխանիզմ:

 

Նույն շարքից