Ինձ մեկ-մեկ թվում է, որ Հայկ Մարությանը քաղաքապետարանը խառնել է «Կարգին հաղորդման» սկեչերի հետ ու անընդհատ ինչ-որ կերպարում փորձել է հարցեր լուծել, սակայն դրա ժամանակն անցել է: Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանը:
Հիշեցնենք, որ Սամսոնյանը բողոքի ակցիա էր կազմակերպել Խորենացի փողոցում քանդված շենքի մոտ: Շենքի քանդման մասով քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որին կարող եք ծանոթանալ այստեղ:
Սամսոնյանի խոսքերով, լավ կլինի, եթե Հայկ Մարությանը վերադառնա Սուպեր մամայի դերին, քանի որ այդ կերպարն օգնում էր մարդկանց: Նա կարծում է, որ Մարությանին ավելի շատ սազում է հենց Սուպեր մամայի դերը, քան՝ քաղաքապետի պաշտոնը:
Հարցին, թե ինչու հիմա քաղաքապետարանում գտնվող նախկին ակտիվիստները, ովքեր նախկինում պայքարել են շինությունների համար, հիմա նույնը չեն անում, ակցիայի նախաձեռնողն ասաց՝ որովհետև նրանք դարձել են ռեժիմի ստրուկ և չեն կարող ձայն հանել. «Իրենց ղեկավարը որոշել է քանդել, հիմա ինչ ձայն հանեն»:
Քաղաքացիական գիտակցություն ՀԿ ղեկավարի համար անհասկանալի է պարզաբանումը, թե շենքի ճակատագիրը որոշվել է 2004 թվականին՝ նախկին իշխանությունների օրոք: Նրա խոսքերով, եթե վատ, սխալ որոշում է կայացվել այն ժամանակ, ներկա իշխանությունները պետք է չեղյալ համարեին այն, սակայն չեն արել, որովհտեև շահ ունեն. «Իսկ այս պարագայում նրանք առնվազն հանցակից են նախկին իշխանությունների հետ»:
Սամսոնյանը անդրադարձավ նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին՝ հայտարարելով. «Ափսոս է, որ Արթուր Մեսչյանի նման մարդը զոհ է գնում «Կարգին հաղորդման» Հայկոյին, ով ինձ համար չի կարող քաղաքապետ դառնալ»: