Հասարակություն 

Հայտարարություն՝ գիշերը Նարեկ Մալյանի հետ կապված միջադեպի մասին

Փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը հարձակման է ենթարկվել բլոգեր, հասարակական ակտիվիստ Նարեկ Մալյանը։ Շուրջ 10 երիտասարդ հարձակվել են նրա վրա՝ նշելով, որ իրենց գործողությունները պայմանավորված են Նարեկ Մալյանի բլոգային գործունեությամբ։ Նրան քաշքշել են, փորձել են բռնի տեղափոխել այլ տարածք, ինչից հետո թե՛ հարձակվողները, թե՛ հարձակվածը բերման են ենթարկվել ոստիկանության բաժանմունք։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը խստորեն դատապարտում է այս արարքը և պահանջում է օրենքի սահմաններում լուծել ստեղծված իրավիճակը։ Նմանատիպ քայլը մարդու ազատ խոսքի նկատմամբ բռնություն է, որը պետք է տեղ չունենա Հայաստանում։

Նարեկ Մալյանի նկատմամբ տեղի ունեցածն առաջին անգամ չէ, դեռևս ամռանը Մարալիկ քաղաքում Նարեկ Մալյանը կրկին ենթարկվել է ճնշման։ Այդ միջադեպի մասնակիցները ոչ միայն չեն պատժվել, այլև իրավապահ մարմինները տարբեր պատճառներով մերժում են քրեական գործի հարուցումը։

Հուսով ենք, որ մամուլի և ազատ խոսքի հանդեպ յուրաքանչյուր հարձակում կարժանանա իշխանությունների համարժեք արձագանքին, հակառակ դեպքում նմանատիպ դեպքերը կավելանան:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնություն

Նույն շարքից