Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարտիմեկյան ուղերձին, որով վերջինս պետության անունից ներողություն էր խնդրել, հայտարարեց, որ Մարտի 1-ը քաղաքական շահարկումների դաշտ չէ. «Ինչպես շատ ազնիվ գրել եմ Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղված իմ բաց նամակի մեջ, խնդրել եմ առաջին նախագահին Նիկոլ Փաշինյանի հետ միասին իջնեն այդ տապանաքարերից և իրենց քաղաքականության համար գտնեն այլ պատվանդաններ:
Նիկոլ Փաշինյանը շատ ավելի ազնիվ կլիներ, եթե իր ուղերձի մեջ նաև ներողություն խնդրեր որպես այդ իրադարձությունների, մեղմ ասած, շատ ակնառու մասնակից և համակազմակերպիչ՝ գոնե Մարտի 1-ի միտինգի: Չեմ ասում բախումների կազմակերպիչ, այդ իրավասությունը չունեմ: Լավ կլիներ, եթե նա իր սեփական, մարդկային ներողությունը նաև դներ ուղերձում, ոչ միայն պետական»: