Ի տարբերություն այսօրվա իշխանությունների, մենք երբեք չենք ասել, որ անսխալական ենք, բայց այս մարդիկ մեզ հեռացնելով եկել են իշխանության՝ խոստանալով մեզ ուրիշ Հայաստան, և նախկինների ուրվականների դեմ մշտական պայքարը՝ նարինջը, վերջին անգամ քամվել է դեկտեմբերյան ընտրություններին՝ ամեն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը, որ մենք չանցնենք խորհրդարան: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Հարցին, թե ի՞նչ արվեց, նախկին պատգամավորը նշեց, որ հերթական իշխանափոխությունից հետո շատ արագ քայքայվելու է Հայաստանի պատմության ամենաժողովրդավար ընտրությունների միֆը. «Հերթական իշխանափոխությունից հետո 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների բռենդավորումը որպես ամենապուպուշ, ամենալավ ընտրություններ, կպայթի, այդ փուչիկն արագ պայթելու է, ես հավաստիացնում եմ»:
Աշոտյանն ավելի մանրամասն չխոսեց՝ նշելով, որ այդ մասին կխոսի հաջորդ ասուլիսի ժամանակ, որ կլինի, երբ մոտենա հաջորդ իշխանափոխությունը. «Տոտալ հալածանքների, պետական ապարատի, վարչական ռեսուրսի կիրառման պայմաններում, ատելության մթնոլորտում ես, չբացելով գեթ մեկ շտաբ կենտրոնում, ստացել եմ ավելի շատ ձայն, քան՝ բազմաթիվ այլ քաղաքական կուսակցությունների քաղաքական դեմքեր»։