Այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, խոսելով գիշերը Նարեկ Մալյանի հետ տեղի ունեցած միջադեպի մասին (Մալյանը պնդում է, որ հարձակվել են իր վրա՝ փորձելով առևանգել, իսկ «Ռեստարտ» խմբի տղաները ընդունել են միջադեպի փաստը՝ հայտարարելով, որ փորձել են Մալյանին գցել աղբամանը), ասաց, որ հարձակումը Հայաստանում ստեղծված իրավիճակի աղաղակող դրսևորումներից մեկն է, որի ամբողջական պատասխանատվությունը կրում է գործող իշխանությունը՝ վարչապետի գլխավորությամբ:
«Անպատասխանատվության, անպատժելիության մթնոլորը, որը ստեղծվել է մեր երկրում, երկար ամիսների պատմություն ունի՝ գործող իշխանությունների պատասխանատվության ներքո: Այս ամենը տեղի չէր ունենա, եթե ժամանակին երկրում իրոք ստեղծվեր հանդուրժողականության կամ իրենք ինչպես են սիրում ասել՝ սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, չէր լինի, եթե Մարալիկի հայտնի դեպքերից հետո իրավապահները չկոծկեին այդ գործը: Այդ ամենը չէր լինի, եթե ԱՊՀ ռեկտորի կաբինետ ներխուժելու փաստը լիներ իրավապահների ուշադրության առարկա, եթե ԵՊՀ-ի գործող կառավարությունը չհրահրեր այն զարհուրելի գործընթացը, որի ականատեսը պարբերաբար լինում ենք»,-ասաց Աշոտյանը
Նախկին պատգամավորը նշեց, որ սա հետևանք է խրոնիկ, հետևողական անպատժելիության, հասարակությունը յուրայինների և քննադատների բաժանելու և ըստ այդ բաժանման վերաբերելու. «Ակնկալում եմ, պահանջում եմ իրավապահ մարմիններից այս անգամ իրականացնել օրենքով նախատեսված ամբողջական գործընթաց: Մեղավորները հայտնի են, խոսքը վերաբերում է բացառապես իրավական դաշտում մեղավորներին պատժելու մասին և կանխելու Հայաստանում նման փողոցային ժողովրդավարության, անհանդուրժողական դրսևորումները նաև ապագայում»: