Քաղաքական 

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետին

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսյանին՝ ուղեկցությամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն ու օրհնությունը բերեց մարզպետին նշանակման առիթով:

Հանդիպման ընթացքում խոսվեց 1988 թ. երկրաշարժի աղետալի հետևանքների և դրանց հաղթահարման ուղղությամբ գործադրվող ջանքերի մասին: Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչությունը շնորհիվ իր հավատքի և զորեղ կամքի կարողացավ ամուր և հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբությունը կարևորությամբ ընդգծեց, որ այսօր պետության կողմից աշխատանքներ են իրականացվում, որպեսզի Գյումրիին վերադարձվի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապես իր զորակցությունն է բերել Գյումրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպես նաև մշակութային կյանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի և թեմի կողմից նախաձեռնված այդ ծրագրերը շարունակական կլինեն:

Անդրադառնալով թեմի հոգևոր կյանքի զորացմանը և հոգևոր դասի ծառայությանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնեական հավատի հանդեպ նախանձախնդրությամբ և իրենց եկեղեցասեր նկարագրով:

Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թե որպես հայ մարդ և հայ քրիստոնյա պատիվ է համարում գտնվել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Պրն. Տիգրան Պետրոսյանը Նորին Սրբությանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները և առկա մարտահրավերները, անդրադարձավ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարևորելով նաև համագործակցությունը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում Գարեգին Բ Կաթողիկոսը ուժ և կարողություն մաղթեց մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շեն կյանքի կերտման գործում:

ԱՒԱՆԴԱԿԱՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԵԱՄԲ

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց

Շիրակի նորանշանակ մարզպետին

Մարտի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Շիրակի նորանշանակ մարզպետ պրն. Տիգրան Պետրոսեանին՝ ուղեկցութեամբ Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայէլ արքեպիսկոպոս Աջապահեանի:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը բերեց մարզպետին նշանակման առիթով:

Հանդիպման ընթացքում խօսուեց 1988 թ. երկրաշարժի աղէտալի հետեւանքների եւ դրանց յաղթահարման ուղղութեամբ գործադրուող ջանքերի մասին: Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետը նշեց, որ Շիրակի մարզի բնակչութիւնը շնորհիւ իր հաւատքի եւ զօրեղ կամքի կարողացաւ ամուր եւ հաստատուն պահել իր ոգին: Նորին Սրբութիւնը կարեւորութեամբ ընդգծեց, որ այսօր պետութեան կողմից աշխատանքներ են իրականացւում, որպէսզի Գիւմրիին վերադարձուի երբեմնի փառքը: Հայոց Հայրապետը փաստեց, որ Մայր Աթոռը մշտապէս իր զօրակցութիւնն է բերել Գիւմրիին` տարբեր ծրագրերի միջոցով նպաստելով սոցիալական խնդիրների լուծմանը, ինչպէս նաեւ մշակութային կեանքի զարգացմանը: Ամենայն Հայոց Կաթողիկոսը հաստատեց, որ Մայր Աթոռի եւ թեմի կողմից նախաձեռնուած այդ ծրագրերը շարունակական կը լինեն:

Անդրադառնալով թեմի հոգեւոր կեանքի զօրացմանը եւ հոգեւոր դասի ծառայութեանը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ ընդգծեց, որ շիրակցիները միշտ առանձնացել են քրիստոնէական հաւատի հանդէպ նախանձախնդրութեամբ եւ իրենց եկեղեցասէր նկարագրով:

Իր հերթին նորանշանակ մարզպետը նշեց, թէ որպէս հայ մարդ եւ հայ քրիստոնեայ պատիւ է համարում գտնուել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում: Պրն. Տիգրան Պետրոսեանը Նորին Սրբութեանը ներկայացրեց Շիրակի մարզի խնդիրները եւ առկայ մարտահրաւէրները, անդրադարձաւ մարզի զարգացման հեռանկարներին` այդ գործում կարեւորելով նաեւ համագործակցութիւնը Հայոց Եկեղեցու հետ:

Վերջում Գարեգին Բ. Կաթողիկոսը ուժ եւ կարողութիւն մաղթեց մարզպետին մարզի ժողովրդի բարօր ու շէն կեանքի կերտման գործում:

 

Նույն շարքից