Քաղաքական 

ԱԱԽ քարտուղարն ու Չինաստանի դեսպանը քննարկել են Հայաստանի և Չինաստանի միջև առկա համագործակցության վիճակը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տյան Չանչունին: Այդ մասին հայտնում են ԱԱԽ մամուլի գրասենյակից:

ԱԱԽ քարտուղարն ու դեսպանը քննարկեցին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առկա համագործակցության վիճակը եւ զարգացման հեռանկարները:

Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը շահագրգիռ է Չինաստանի հետ երկկողմ, մասնավորապես տնտեսության եւ անվտանգության ոլորտներում հարաբերություններն էլ ավելի խորացնելու հարցում:

Դեսպանը տեղեկացրեց, որ Չինաստանում նախագահի գլխավորությամբ ստեղծվել է Անվտանգության խորհուրդ եւ կան անհրաժեշտ բոլոր հնարավորությունները Հայաստանի եւ Չինաստանի Անվտանգության խորհուրդների միջեւ փոխգործակցություն հաստատելու եւ զարգացնելու համար:

Քննարկվեց Արթուր Բաղդասարյանի հրավերով Չինաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի անդամ, քաղաքական իրավաբանական հանձնաժողովի քարտուղար Մեն Ջիանջուի` Հայաստան այցելությանն առնչվող հարցեր:

Արթուր Բաղդասարյանն ու Տյան Չանչունն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

Ի լրումն. ս.թ. փետրվարի 14-16-ը Հայաստան է ժամանելու Չինաստանի կոմունիստական կուսակցության պատվիրակությունը` կուսակցության կենտրոնական կոմիտեի միջազգային կապերի բաժնի ղեկավարի տեղակալ Ջոու Լիի գլխավորությամբ: «Օրինաց երկիր» կուսակցության եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցության միջեւ հաստատված եւ զարգացող համագործակցության շրջանակներում Ջոու Լիին կընդունի նաեւ «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը` քննարկելու համար երկկողմ համագործակցության հարցեր:

Նույն շարքից