Ադրբեջանի հետ պատերազմական իրավիճակը վերսկսում է , սակայն Հայաստանի դաշնակից հանդես եկող Ռուաստանը իրեն որեւէ կերպ չի դրսեւորում: Այս մասին այսօր` հունվարի 25-ին հրավիրված ասուլիսին ասաց ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ նախագահի խոսքով, Հայաստանը փակուղային իրավիճակում է: «Եթե նրանք անշնորքաբար ասում էին , որ եթե Արցախում կռիվ կլինի մենք չենք կարող մասնակցել, բայց հիմա կռիվը Հայաստանի հետ է: Ստացվում է, որ ռազմական հենակետը ըստ էության իր նպատակին չի ծառայում»,- ասաց Պարույր Հայրիկյանը եւ ավելացրեց, որ սա նույնպես փակուղային իրավիճակ է ստեղծում:
Նրա խոսքով, իրավիճակը փակուղային է նրանով, որ եթե, Աստված չանի, պատերազամը վերսկսվի եւ Ռուսաստանը մասնակցի, ապա մենք ի դեմս Ռուսաստանի ունենալու ենք դաշնակից, որին ամբողջ աշխարհը ատում է: «Ակամայից աշխարհի համակրանքը գնալու է Ադրբեջանի կողմը: Սա էլ մյուս փակուղային իրավիճակն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:Միաժամանակ ավելացրեց, որ ինքը չի հուսահատվում եւ իրենցից կախված ամեն բան պետք է անի: