«ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները Մաքսային միության անդամ երկրների համար որեւէ բացառություն չեն նախատեսում։
Այս մասին հունվարի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է իրավաբան, փաստաբան Լիլիթ Ներսեսյանը՝անդրադառնալով ՌԴ տարածքում 2014թ. հունվարի 10-ից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխություններին, ոոնք վերաբերում էին ՌԴ տարածքում գտնվողներին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմ ունեցող պետությունների, այդ թվում Հայաստանի քաղաքացիները, չեն կարող 90 օրից ավելի գտնվել ՌԴ տարածքում։ Նշված ժամկետի խախտման դեպքում, ընդգծել է նա, ՀՀ քաղաքացիները 3 տարվա ընթացքում չեն կարող Ռուսաստան գնալ։
«Սակայն նշված պայմանը բացառություններ ունի, որոնք տարածվում են բարձր որակավորում ունեցող մասնագետների եւ նրանց ընտանիքների վրա: ՀՀ քաղաքացիները Ռուսաստանում կարող են գտնվել նաեւ 90 օրից ավելի, եթե աշխատանքային պայմանագիր են կնքել: Պայմանագրի ժամկետը նշանակություն չունի, քանի որ այդ քաղաքացիները Ռուսաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը մեկ տարի», - նշել է Լիլիթ Ներսեսյանը՝ հավելելով, որ հաջորդ բացառությունը վերաբերում է Ռուսաստանում կրթություն ստանալու նպատակով գտնվող քաղաքացիներին: «Օրենքի փոփոխությունը վերաբերվում է նաեւ այն քաղաքացիներին, որոնք Ռուսաստանում են եղել մինչ այս փոփոխության ուժի մեջ մտնելը», - ասել է Լիլիթ Ներսիսյանը:
Հարցին, թե ինչի կհանգեցնեն օրենքների փոփոխությունները, փաստաբանն ընդգծել է, որ փոփոխությունների նպատակն է օրինականացնել օտարերկրացի քաղաքացիների գտնվելու պայմանները Ռուսաստանի տարածքում:
Նշենք, որ ըստ «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» եւ «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում ուժի մեջ մտած փոփոխությունների` 2014թ. սկզբից Ռուսաստանի հետ առանց վիզայի ռեժիմից օգտվող պետությունների, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքացիները, ՌԴ-ի տարածքում կարող են մնալ 90 օր` ամեն 180 օրը մեկ: Դա նշանակում է, որ այդ երկրների քաղաքացիները 90 օրվա լրանալուց հետո այլեւս չեն կարող դուրս գալ ՌԴ-ի սահմաններից եւ անմիջապես վերադառնալ, ինչպես որ նախկինում: