Հասարակություն գլխավոր 

Պուճուր ժամանակ ինձ էլ, Արամին էլ գլխներիս կտացնելով անցել է. Սպարապետի եղբայրը ժպիտով հիշեց իրենց մանկության մասին

Այսօր դեռ Վազգեն Սարգսյանի երազած Հայաստանը չէ, բայց կարծում եմ, որ մենք պետք է պայքարենք, աշխատենք, յուրաքանչյուրս մեր տեղում լինենք, որպեսզի կարողանանք ունենալ այն երազած Հայաստանը, որը երազում էր Վազգենը՝ հայ ժողովրդի համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը:

Հարցին, թե կարելի է ասել արդյո՞ք, որ այսօր Հայաստանն այդ ճանապարհին է, Սարգսյանն ասաց, որ դեռ վաղ է այդ մասին խոսելու համար. «Ամեն դեպքում ներկա իշխանությունների մոտ կա ձգտում հասնել այն Հայաստանին, որի մասին երազում էր Վազգեն Սարգսյանը»:

Արմեն Սարգսյանը խոսեց նաև Վազգեն Սարգսյանի մասին որպես եղբոր. «Ես հպարտ եմ, որ այդպիսի ավագ եղբայր եմ ունեցել: Ես հպարտ եմ նաև Արամով: Վազգենն իդեալական եղբայր է եղել»:

Սարգսյանը նշեց, որ երեխա ժամանակ, ինչպես բոլոր եղբայրները, իրենք ևս կռվել են իրար հետ. «Իհարկե եղել են: Բայց արդեն մեծ տարիքում՝ 8-րդ դասարանից հետո, Վազգենը երբեք մեզ վրա ձեռք չի բարձրացրել, բայց պուճուր ժամանակ ինձ էլ, Արամին էլ գլխներիս կտացնելով անցել է»,-ժպիտով հիշեց Սպարապետի եղբայրը:

Սարգսյանը նշեց, որ Վազգենը միշտ տանը եղել է եղբայր, կռվի տարիներին իրենց գլխավոր գերագույն հրամանատարը, իսկ առհասարակ իրենք փորձել են իրենց հարցերով չծանրաբեռնել Սպարապետին՝ անձնականն ու պետության գործերը չխառնելով իրար:

Նույն շարքից