Վրացի միլիարդատեր, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ստեղծել է հասարակական կազմակերպություն, որն անվանել է «Քաղաքացի»։
Ինչպես տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը, կազմակերպությունը պաշտոնապես գրանցվել է հունվարի 23-ին, և Իվանիշվիլին դարձել է դրա ղեկավարը։
Իր հետագա անելիքների մասին Բիձինա Իվանիշվիլին խոստացել է պատմել հունվարի 28-ին կայանալիք մամուլի ասուլիսի ընթացքում։
2011թ.-ի հոկտեմբերին վրացի մեծահարուստն անսպասելիորեն հայտարարեց քաղաքական թիմ ստեղծելու մասին, և նշեց, որ քաղաքականության մեջ մտադիր է մնալ երկու-երեք տարի։ Շուտով նա ստեղծեց «Վրացական երազանք» կոալիցիան, որը հաղթեց 2012թ.-ի խորհրդարանական ընտրություններում և ձևավորեց կառավարություն։
Մեկ տարի անց նախագահական ընտրություններում ևս հաղթեց «Վրացական երազանք» կոալիցիայի թեկնածուն, ինչից հետո Իվանիշվիլին հայտարարեց քաղաքական դաշտից հեռանալու մասին։