Քաղաքական 

Մենք սրտիկում ենք ատելություն քարոզող գրառումները, ծափ ենք տալիս բռնությունն արդարացնող դուխով տղերքին. Անի Սամսոնյան

ՀՀ Ոստիկանությունը խուլիգանության հատկանիշներով գործ է հարուցել երկու օր առաջ Երևանում տեղի ունեցած մի միջադեպի առիթով, երբ մի խումբ երիտասարդներ փորձ են արել մեկ այլ քաղաքացու նետել աղբանանը: Ես այստեղ անուններ չեմ հնչեցնելու, որովհետև հակված եմ գնահատական տալ միմիայն երևույթին և զերծ մնալ որևէ շահարկումներից: Այսօր՝ մարտի 5-ին, խորհրդարանում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

Խոսքը վերաբերում է Նարեկ Մալյանի և Ռեստարտ խմբի տղաների միջև տեղի ունեցած միջադեպին: Հիշեցնենք, որ Մալյանի խոսքերով, խմբի տղաները հարձակվել են իր վրա և փորձել են առևանգել, իսկ մյուս կողմը պնդում է, թե ցանկացել են վերջինիս աղբամանը գցել: Կատարվածի տեսանյութը ևս կա, որտեղ երևում է, թե ինչպես են մի խումբ երիտասարդներ Մալյանին՝ ոտքերն ու ձեռքերը բռնած, ինչ-որ տեղ տանում: Նրանց խանգարում է ոստիկանությունը

«Սա կարող էր համարվել սովորական մի խուլիգանություն: Բայց այն ստացավ հասարակական հնչեղություն, որն էլ ունի իր պատճառները. վերջիվերջո աղբարկղ նետելը մեզ համար նորություն չէ: Նախ՝ փոխադարձ անհանդուժողականության հողի վրա ծնված և իրականացրած այդ գործողությունների տեսագրումը և դրա հրապարակումը համարում եմ դատապարտելի:

Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն իրավական պետություն է, որտեղ երաշխավորված են մարդու ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի չենթարկվելու իրավունքը, ազատ խոսքի և արտահայտման իրավունքը: Սրանք նաև միջազգային պարտավորություններով երաշխավորված իրավունքներ են:

Անկախ գործողությունների նպատակից և դերակատարներից այս իրավունքների դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և իրենից ենթադրում է ոչ օրինակելի հասարակական վարքագիծ»,-նշեց Սամսոնյանը:

Պատգամավորի խոսքերով, փոխադարձ ատելության և անհանդուրժողականության նմանատիպ դրսևորումները կարող են ունենալ պատճառահետևանքային այլ զարգացումներ, որը հաստատ չի նպաստելու իրավունքի գերակայությանը, հասարարակական համերաշխությանը և ազատ քաղհասարակությանը. «Երկրորդ՝ սոցիալական ցանցերում և մեդիայում արդեն տեղ են գտել հայտարարություններ ինչ-որ մարդկանց մերկացնելու և աղբամանը նետելու համար 15 մլն դրամ սահմանված պարգևավճար հատկացնելու վերաբերյալ նյութեր, ինչը քարոզ է ենթադրում և անընդունելի է:

Տիկնայք և պարոնայք մենք բոլորս մեղավոր ենք. մենք լայքում և սրտիկում ենք ատելություն քարոզող գրառումները, մենք ստեղծում ենք և խրախուսում ենք ատելությունը քարոզող ֆեյքեր, մենք ծափ ենք տալիս բռնությունը արդարացնող դուխով տղերքին, մենք՝ սոցիալական հարթակներում վիրավորանք և հայհոյանք ցփնող պաշտոնյաներին կարգի չենք հրավիրում, մենք զվարճանում ենք մարդու արժանապատվությունը նվաստացնող այն ամբողջ աղբով, որը լցված է համացանցում:

Որպես մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ կոչ եմ անում այստեղ նստած և դրսում մեզ լսող բոլոր-բոլորին դադարեցնել հանրային հարթակներում ատելության սերմանումը, անհանդուրժողականության ալիքը մեծացնող մանիպուլյացիաները և փոխադարձ սպառնալիքները, սոցցանցային խուլիգանությունը և անել դա հենց այսօր:

Դրանից ոչ մեկը չի շահելու, ատելության ու անհանդուրժողականության այս ալիքը ոչնչացնելու է բոլորիս ու միանգամից»:

Նույն շարքից