Քաղաքական 

ՊՆ–ում տեղի է ունեցել խորհրդակցություն

ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում հունվարի 24-ին տեղի է ունեցել ռազմաբժշկական խնդիրներին ու դրանց լուծման ուղիներին նվիրված խորհրդակցություն, այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարներ Սեյրան Օհանյանը և Դերենիկ Դումանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, զինված ուժերի ռազմաբժշկական ծառայության և առողջապահության ոլորտի առաջատար ներկայացուցիչներ, մասնագետներ:

ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը խորհրդակցության ընթացքում ներկայացրել է 2013թ. ոլորտում իրականացված աշխատանքները, ընդգծել, որ ռազմաբժշկական ծառայությունը հետևողական է յուրաքանչյուր զինվորի առողջության պահպանման հարցում:

Խորհրդակցության ընթացքում արծարծվել են եղանակային կտրուկ փոփոխություններով պայմանավորված զորամասերում արձանագրված սուր շնչառական դեպքերը, դրանց զարգացման միտումներն ու կանխարգելման հարցերը:

Քննարկվել են նաև նախազորակոչային տարիքի երիտասարդների պատվաստման խնդիրները: Ընդգծվել է, որ նորակոչիկները պետք է ցանկացած տեսակի վարակներից ու հիվանդություններից ապահովագրված մեկնեն ծառայության: Այդ նպատակով մի խումբ բժիշկ-մասնագետներ այցելել են տարբեր զորամասեր և ստուգել զինվորների առողջական վիճակը:

Ծավալված քննարկման ընթացքում բարձրաձայնվել են ստուգայցերին մասնակցած մասնագետների կողմից արձանագրված ախտանշանները:

Խորհրդակցության արդյունքում որոշվել ստեղծել ՀՀ պաշտպանության և առողջապահության նախարարությունների համատեղ միջգերատեսչական մասնագիտական խումբ, որը կքննի վերջին շրջանում կայծակնային արագությամբ զարգացող հիվանդությունների առաջացման դրդապատճառներն ու կձեռնարկի անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ:

Նույն շարքից