Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:
Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ ՓաշինյանԸ մասնավորապես ասել է. «Հարգելի պարոն նախագահ,
Հարգելի պարոն հանձնակատար Հան
ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Յունկերին և ԵՄ ղեկավարությանը` ջերմ ընդունելության ու կառուցողական քննարկումների համար:
Այսօր մենք շատ արդյունավետ քննարկումներ ունեցանք Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության ներկայիս վիճակի, մասնավորապես՝ անցյալ տարվա գարնանը Հայաստանում տեղի ունեցած անշրջելի ժողովրդավարական վերափոխումների համատեքստում: Ես մեկ անգամ ևս ընդգծեցի Հայաստանի նոր իշխանությունների հանձնառությունը` օրենքի գերակայությունն ամրապնդելու, ժողովրդավարությունը խթանելու, կոռուպցիան արմատախիլ անելու, ինչպես նաև արհեստական մոնոպոլիաների, տնտեսական հովանավորչության ու օլիգարխիայի դեմ պայքարի առումով` ապահովելու համար հիմնարար իրավունքների լիարժեք և ազատ իրականացումը Հայաստանում:
Միևնույն ժամանակ ակներև է, որ ժողովրդավարությունը կենսունակ դարձնելու համար մենք պետք է ունենանք ուժեղ ու կենսունակ տնտեսություն: Այդ իսկ պատճառով մեր հաջորդ քայլը ժողովրդավարության խորացումն է՝ հեղափոխական փոփոխությունների և տնտեսական բարեփոխումների միջոցով: Սա մեր հիմնական նպատակներից մեկն է և մեր կառավարության նոր ծրագրի անկյունաքարը:
Եվրոպական միությունը մեր առանցքային առևտրային ու ամենախոշոր դոնոր գործընկերն է: Բանակցությունների ընթացքում ես նախագահ Յունկերին ներկայացրի մեր կառավարության տեսլականը և մեր առաջնահերթությունները, որոնց շուրջ օգտակար փոխանակումներ ունեցանք: Այսօրվա այցելությունը և Եվրամիության ղեկավարների հետ մեր քննարկումները ցույց են տալիս, որ մենք երկուստեք հետաքրքրված ենք և պատրաստ ենք խորացնել մեր գործընկերությունը:
Ուրախ եմ նշել, որ նախագահ Յունկերի հետ մենք ունենք ընդհանուր ըմբռնում առ այն, որ մենք պետք է շարունակենք և ընդլայնենք մեր համագործակցությունը Եվրոպական միության հետ` նշված խնդիրների լուծման և կառավարության հավակնոտ բարեփոխումների օրակարգը կյանքի կոչելու համար՝ Եվրամիության տեխնիկական ու ֆինանսական աջակցությամբ: Այդ աջակցությունը Հայաստանի կառավարությանը թույլ կտա արագացնել բարեփոխումները և դարձնել ավելի արդյունավետ:
Այս առումով ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը կարևոր հարթակ է: Հայաստանի ղեկավարությունը բազմաթիվ առիթներով իր նվիրվածությունն ու քաղաքական կամքն է ցուցադրել այս փաստաթղթի արդյունավետ իրականացման գործում: Այս համաձայնագիրը և ճանապարհային քարտեզը կարևոր է: Մեր հանդիպման ընթացքում մենք նաև քննարկել ենք ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելու ուղիները, ինչը թույլ կտա լիարժեքորեն օգտվել դրա հնարավորություններից:
CEPA-ի և ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների փաստաթղթի իրականացումը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովը մեր եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին կհասցնի CEPA-ի իրականացման ճանապարհային քարտեզի մշակումը: Միևնույն ժամանակ նախատեսվում է, որ կառավարություն-քաղաքացիական հասարակություն խորհրդակցություններ կսկսվեն ճանապարհային քարտեզի շուրջ: Մենք ընդհանուր առմամբ CEPA-ին և մասնավորապես, Ճանապարհային քարտեզին վերաբերվում ենք որպես բարեփոխումների գործընթացի համար կարեւորագույն ուղենիշների:
ԵՄ ղեկավարության հետ իմ բոլոր հանդիպումների ժամանակ մենք քննարկել ենք վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարևորությունը, որը շարունակում է մնալ մեր երկկողմ հարաբերություններում գերակա առաջնահերթություն: Ես հայցել եմ նախագահ Յունկերի անձնական ներդրումն այս հարցում: Ես նաև հավաստեցի Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ «2020-ի 20 նախադրյալները» փաստաթղթի անշեղ իրագործման և արդյունքների ներկայացման համար:
Մենք անդրադարձանք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ գործընթացին: Ես արտահայտել եմ մեր երախտագիտությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում ԵՄ-ի հավասարակշռված դիրքորոշման համար, որն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նրանց դիրքորոշմանը և ջանքերին: Մենք նաև անդրադարձանք տարածաշրջանային և միջազգային զարգացումներին:
Ամփոփելով, կցանկանայի մեկ անգամ ևս շեշտել մեր քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, փոխըմբռնման ու գործընկերության մթնոլորտը, որը գերակայում է Եվրոպական միության հետ մեր հարաբերություններում:
Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Նախագահ Յունկերին ջերմ ընդունելության և դրական երկխոսության համար»: