Գլխավոր Իրավական 

Դավիթ Տոնոյանն ասաց՝ ինչ կլինի, գնամ մամայի, պապայի մոտ. Սասնա ծռեր խմբի գործով ցուցմունք տվեց բժիշկը

analitik.am

«Սասնա ծռեր» խմբի գործով այսօր դատարանում ցուցմունք տվեց «Երևանի շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի բժիշկ Նորայր Թևանյանը: Նա նշեց, որ առավոտյան հրահանգ է ստացել ենթակայանի վարիչից մեկնել գնդի հարակից տարածք, որպեսզի փոխարինի նախորդ օրն այնտեղ հերթապահող բրիգադին: Դրանից հետո Թևանյանն ավագ բժշկից ծառայողական հեռախոսով հրահանգ է ստացել իր բուժակի, ինչպես նաև կենտրոնից 03 բրիգադի բժիշկն ու բուժքույրը մտնեն ներս՝ առանց վարորդների, քանի որ ներսում վիրավորներ կան. «Պետք էր զննել, օգնություն ցուցաբերել, անհրաժեշտության դեպքում տեղափոխել հիվանդանոց: Ես իմ բուժակ Դավիթ Տոնոյանի հետ մտա ներս: Մեզ հետ էին նաև 03 բրիգադից Սալվադոր Խեչոյանն ու Մալինա Մարգարյանը: Այնտեղ վիրավորներից Գևորգ Իրիցյանն էր, ում վիրավորումը ոչ թարմ էր, ոչ թարմ վիրավորում ուներ նաև Սմբատը: Մենք վերքերը մշակեցինք, առաջարկեցինք տեղափոխել հիվանդանոց, նրանք հրաժարվեցին: Դրանից հետո մեզ ասացին, որ ծառայողական հեռախոսները պետք է տանք, մնանք մինչև նախարարը գա (կոնկրետ չեն ասել, որ նախարարը): Հեռախոսները նախ վերցրեցին, հետո տվեցին, որպեսզի կարողանանք ղեկավարների հետ խոսել»:

Թևանյանը հայտնեց, որ գնդի ներսում մեքենա են պահանջել, որը հնարավորություն կունենար հենց ներսում անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, սակայն, քանի որ նման մեքենա չկա, խմբի անդամներն ասել են, որ այլ բրիգադ գնա, որպեսզի իրենց փոխարինի. «Երկրորդ օրն արտառոց որևէ բան չեղավ: Երրորդ օրը բավական անհանգիստ էր, Սարի թաղի դեպքերն էին: Ցերեկն էր, բուժկետում էինք, մեզ կանչեցին մեկ այլ շենք՝ ասելով, որ վիրավոր կա: Մենք վազեցինք, շենքի մուտքի մեջ Արմեն Լամբարյանն էր վիրավոր ընկած, իսկ երկրորդ հարկում Արթուրն էր, ազգանունը չգիտեմ»:

Բժիշկը նաև հիշեցրեց, որ իր երիտարարդ բուժակ Դավիթ Տոնոյանը հենց առաջին օրը խուճապի է մատնվել՝ խնդրելով թույլ տալ իրեն գնալ տուն. «Ես տեսա, որ նրա պահվածքն ադեկվատ չէ: Ռադիոկապով, չգիտեմ ում հետ էին կապ պահում, մայոր էին դիմում, ասացին, որ բուժակը դուրս է գալիս, ու Տոնոյանը գնաց: Իսկ վերջին օրը, որ մենք այնտեղ էինք, լսվեց, որ ԱԱԾ-ն վերջնաժամկետ է հայտարարել խմբի անդամներին, ասում էին, որ պետք է գրոհ լինի: Լարված սպասում էին, սակայն գրոհը չեղավ: Գիշերը ժամը մոտ 1-ի կողմերը բուժկետում էինք, մեզ հետ էին նաև Սեդրակն ու Հաց բերող Արթուրը: Նրանք քնած էին, ես Մալինային արթնացրեցի, ասացի, որ պետք է դուրս գնանք: Նա վախենում էր, հետո մենք հանգիստ դուրս եկանք, ես զանգեցի մեր ենթակայանի բաժին ասացի, որ դուրս ենք եկել, հետո ոստիկանության Էրեբունու բաժնի մոտ մեզ դիմավորեցին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե խմբի քանի անդամ է ներսում տեսել և ովքեր են ղեկավարները եղել, ցուցմունք տվողն ասաց, որ բոլորին միասին չի տեսել ոչ մի անգամ, իսկ ղեկավարների մասով նշեց, որ որոշումները համատեղ էին կայացնում խմբի անդամները, սակայն եղել են մարդիկ, որոնց կարծիքներին ավելի ուշադիր են եղել՝ Վարուժան Ավետիսյան, Մխիթար, Արայիկ Խանդոյան. «Նրանք զինված էին ատրճանակներով, Կալաշնիկովի ինքնաձիգերով, նռնակ չեմ տեսել»:

Հարցին, թե իրենց հարկադրված են արդյո՞ք պահել ներսում, Թևանյանն ասաց, որ դա բարդ հարց է. «Քանի որ ներսում էլ, դրսում էլ զինված մարդիկ կային, մեզ զգուշացրեցին, որ դուրս գալը նույնիսկ վտանգավոր կլինի՝ կամ խմբի երիտասարդ անդամներից մեկի նյարդերը տեղի կտա, մեզ կվնասի, կամ դրսից դիտավորյալ կվնասեն, որ հետո իրենց մեղադրեն: Դա ոչ թե ֆիզիկական արգելք էր, այլ հոգեբանական, որը վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է բուժակին, ում թույլ են տվել դուրս տալ և հարցին, թե ինչո՞ւ ինքն էլ դուրս չի եկել, եթե հնարավորություն եղել է, ցուցմունք տվողն ասաց. «Ոչ թե հնարավորություն ուներ, այլ Դավիթը խուճապի մեջ էր, անհանգիստ շարժումներ էր անում: Նա երիտասարդ տղա է, ես նրան առանձին խնդրեցի, որ իրեն հանգիստ պահի, իսկ նա ասում էր «ինչ կլինի, գնամ մամայի, պապայի մոտ»: Ես խնդրեցի, եթե չեմ սխալվում, Սեդրակին, թույլ տալ, որ նա գնա, քանի որ նա ադեկվատ չէր պահում իրեն, կարող էր իրեն վնաս տալ և այլն: Իմ գնալու մասով էլ, ես երբեք չեմ հարցրել՝ կարող եմ գնալ, թե չէ: Ես հաստատ չէի ուզենա հայտնվել այդ իրավիճակում, սակայն քանի որ կար վերոնշյալ վտանգը, ես փորձ էլ չէի անում դուրս գալ»:

Նույն շարքից