ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կժամանի Երևան, իսկ ինքը՝ Մոսկվա: Այս մասին ՀՀ վարչապետը Բրյուսելում խոսել է ՏԱՍՍ-ի հետ զրույցի ժամանակ:
«Այս տարի մենք մի քանի անգամ հանդիպելու ենք, օրինակ՝ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի ժամանակ: Բացի դրանից, ես հույս ունեմ, որ այս տարի տեղի կունենա Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցը Երևան ու իմ այցը՝ Մոսկվա»,-ասել է Փաշինյանը, ում խոսքերով, այս պահին քննարկումներ են ընթանում այցի օրվա մասով. «Վերջին քննարկումները եղել են մեկ շաբաթ առաջ՝ Պուտինի հետ մեր զրույցի ժամանակ: Մեր ադմինիստրացիայում հիմա այդ հարցը քննարկվում է»:
Փաշինյանը պլանավորում է հանդիպել նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Նա հիշեցրել է, որ այս տարի ապրիլի 29-ին Երևանում կայանալու է Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու է նաև Մեդվեդևը: