2019 թ. քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվա խորագիրն է՝ «Մեր խնդիրն է ապահովել երեխաների անվտանգությունը»: ՔՊ միջազգային օրվա կապակցությամբ փետրվարի 25-ից Երևանի և ՀՀ բոլոր մարզերի ուսումնական հաստատություններում արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներն անցկացնում են բաց դասեր, կազմակերպում տարատեսակ միջոցառումներ և ուսումնավարժություններ: Դրանց նպատակն է բարձրացնել աշակերտների իրազեկության մակարդակը, կատարելագործել նրանց հմտությունները՝ մասնավորապես պատսպարման գործողությունների դեպքում:
ՔՊ գործունեության պատմական բոլոր փուլերում քաղաքացիական պաշտպանությունը՝ որպես պետության անվտանգության բաղկացուցիչ, միշտ եղել է քաղաքացիական հասարակության համար որպես կենսական կարևոր պահանջ, որի նպատակը միշտ համարվել է բնակչության, նյութական և մշակութային արժեքների պաշտպանության արդյունավետության բարձրացումն ու քաղաքացիական պաշտպանության համակարգի բարձր պատրաստականության ապահովումը:
Անցկացվող միջոցառումներից զատ ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության աշխատանքային խումբը՝ ՔՊ վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերել Արմավիրի մարզում: Մասնավորապես, քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարահանման պլանների, տարահանման մարմինների, գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների, քաղաքացիական պաշտպանության ոլորտը կարգավորող այլ փաստաթղթերի ուսումնասիրման, մշակման և ճշգրտման, պաշտպանական կառույցների պահպանման, նախատեսման և կառուցման ուղղություններով մեթոդական և գործնական օգնություն է ցուցաբերվել Արմավիրի մարզպետարանում և համայնքներում: Մարզի մի շարք դպրոցներում «Օդային տագնապ ազդանշանի դեպքում անձնակազմի պատսպարման իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժությունների անցկացման գործընթացի կազմակերմանը ցուցաբերվել է մեթոդական օգնություն:
Նշենք, որ Հայաստանը 1994 թ. ապրիլից Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության անդամ է: Ներկայում կառույցին անդամակցում է 74 պետություն, 58-ը՝ լիիրավ անդամի, իսկ 16-ը՝ դիտորդի կարգավիճակով: