Ընդհանուր առմամբ կան այդպիսի գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել, որ մեր կառավարության դիրքորոշումն այս ընթացքում չի փոխվել: Մենք հենց սկզբից ասել ենք, որ լինելու ենք իրավիճակին համարժեք: Այս մասին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դեռևս նախորդ գումարման ԱԺ-ում ես այս ամբիոնից հայտարարություն արեցի, որը կապված էր այդ պահի իրավիճակի հետ: ԱԵս ասացի, որ Ղարաբաղի հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Ղարաբաղի, Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս հայտարարությունն այնքան էլ հեշտ հայտարարություն չէ: Սակայն այն արվել է բանակցային նորմալ մթնոլոր ստեղծելու համար: Հայաստանն արել է առաջին քայլը՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից: Ցավոք սրտի, դեռ ադրբեջանական կողմից համանման հայտարարություններ չեն հնչում: Ընդհակառակը՝ նրանք անընդհատ խոսում են ուժով, ռազմական ճանապարհով հարցը լուծելու պատրաստակամության մասին: Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի իշխանությունները չեն էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունել լինի նաև Ղարաբաղի և Հայաստանի ժողովուրդների համար: Մենք շարունակում ենք ադեկվատ մնալ իրավիճակին»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ հայկական կողմը նաև շատ կարևոր է համարում արձանագրումը, որ բանակցությունները արդյունավետ դարձնելու համար պետք է լինի արդյունավետ ֆորմատ, որը կա, գոյություն ունի, ճանաչվել է 1994 թվականին, երբ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է լիարժեք բանակցային կողմ. «Մենք հիմա ջանքեր ենք գործադրում, որպեսզի այդ արձանագրված ֆորմատը լիարժեք ձևով գործի ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում»:
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի հայտարարություններին, թե պատրաստ են բարձր աստիճանի ինքնավարություն տալ Արցախին, Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր դիրքորոշումը հստակ հայտնել է. «ԼՂ ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք, որից պետք է կարողանա օգտվել: Ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, կարծում եմ ԵԱՀԿ ՄԽ-ի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց շրջանակներում պետք է լուծումը լինի: Այդ սկզբունքներից է նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Մենք աշխատում ենք մեր գործընկերների հետ, որպեսզի մեր մոտեցումներն ավելի հասկանալի դառնան: Իմ տպավորությամբ, վերջին ամիսներին ընկալման մակարդակը մեծանում է»: