Սիրիայի հարցով ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագնաց Լախդար Բրահիմին հույս ունի, որ այսօր սիրիական հակամարտության կողմերը հանդես կգան ընդհանուր հայտարարությամբ՝ այն մասին, «թե ինչպես առաջ շարժվել»՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ընդհանուր առմամբ Բրահիմին դրական է գնահատել մթնոլորտը, որում անցկացվում են հանդիպումները: Դիվանագետի խոսքերով՝ դրանցում տիրում է փոխադարձ հարգանք: Միևնույն ժամանակ Բրահիմին նշել է, որ դեռևս վաղ է խոսել Սիրիայի իրավիճակի հարցով բանակցությունների ծայրահեղ ժամկետների մասին:
«Պետք չէ վազել, քանի դեռ չես սովորել քայլել»,- ասել է դիվանագետը:
Բրահիմին նշել է, որ նախօրեին կողմերը Շվեյցարիայում քննարկել են գերիներին փոխանակելու և բանտարկյալներին ազատ արձակելու հարցեր: Բացի այդ, Դամասկոսի պատվիրակությունը հայտարարել է, որ հումանիտար օգնությունը կարող է ուղարկվել Հոմս: Հատուկ բանագնացը հույս ունի, որ օգնությունը քաղաք կհասնի երկուշաբթի: Դիվանագետի խոսքերով՝ Հոմսում գործող զինված խմբավորումները երաշխիքներ են տվել, որ հարձակում չեն գործի հումանիտար բեռների վրա:
Բացի այդ, Սիրիայի կառավարությունը հայտարարել է, որ կանայք և երեխաները մոտակա ժամանակներս կկարողանան լքել Հոմսի՝ շրջափակման մեջ գտնվող շրջանները: