Կարեն Ղազարյանը ոչ թե գերեվարված է, այլ՝ ձերբակալված: Սա շատ էական տարբերություն է և տարբեր իրավական ռեժիմներ են գործում: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյանջայի դատարանը 20 տարվա ազատազրկման դատապարտեց Ղազարյանին:
Զեյնալյանը նշեց, որ Կարեն Ղազարյանի ներկայացուցիչները ՄԻԵԴ գանգատ են ներկայացրել, պահանջել են հրատապ միջոց կիրառել ու այդ գանգատը հիմա քննվում է, Հայաստանի Հանրապետությանն այդ մասին կծանուցվի և ՀՀ-ն կներգրավվի որպես երրորդ կողմ. «Բացի դրանից, ՀՀ-ն գործադրում է բոլոր գործիքներն ու միջոցները, որպեսզի Կարեն Ղազարյանի կյանքն ապահովվի և երաշխավորվի: Միևնույն ժամանակ ամեն ինչ արվում է նրան վերադարձնելու համար: Նաև առաջարկ է եղել փոխանակման մասին, բայց Հայաստանի Հանրապետությունում Ադրբեջանի քաղաքացիներ չկան նույն կարգավիճակում գտնվող, փոխանակման համար: Կարենն ապօրինաբար է գտնվում անազատության մեջ և այն, ինչը վերագրվում է նրան, չի համապատասխանում իրականությանը: ՀՀ կառավարությունը բոլոր միջոցներն օգտագործում է Կարենին վերադարձնելու համար»: