Հասարակություն 

Կոչ Գագիկ Ծառուկյանին` «ձեռքերդ հեռու քաշիր Աբովյան քաղաքից». Արթուր Հարությունյան

Արթուր Հարությունյանի ենթակայության տակ գտնվող Հայաստան-Ռուսաստան երթուղինները կանգնեցվել են և դրվել վաճառքի: Նրա խոսքով՝ եղել են ամիսներ, երբ Երևան-Մոսկվա երթուղու մեկ ավտոբուսն աշխատել է 10.000-13.000 դրամով: Իսկ ինչ վերաբերում է մեկ-երկու անվճար բարեգործական ավտոբուսների աշխատանքին, ապա դա  չի խանգարում վճարովի երթուղայինների աշխատանքին:

«Այն ժամանակ ես Ծառուկյան Գագիկին ասել եմ` իմ կողմից դնեմ երկու մեքենա: Բոգդան դնեմ, ոչ թե՝ Պազիկ, վառելիքը ես կտրամադրեմ, վարորդների աշխատավարձը ես կտամ, թող քո անվան տակ, ոչ թե իմ, թող ասեն` դու ես անում ժողովրդի համար, թող գնան-գան, ուսանողներին տանեն-բերեն»,- այսօր՝ մարտի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց սնանկ ճանաչված «Քինգ Դելյուքս» ընկերության նախկին սեփականատերը:

Նրա խոսքով, նման առաջարկության շարժառիթը եղել է Գագիկ Ծառուկյանի հետ լավ հարաբերություններ ստեղծելը:

Իսկ Աբովյան քաղաքի նախկինում և այսօր տիրող իրավիճակին անդրադառնալիս, Արթուր Հարությունյանը շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունն Աբովյան քաղաքին դեռ չի հասել: Այնտեղ դեռ տիրում են նախկին բարքերը:

«Կոչ կանեմ՝ Աբովյան քաղաքից Գագիկ Ծառուկյանը ձեռքերը հեռու քաշի և զբաղվի բարեգործությամբ: Այդ ժամանակ նրա կողքին կկանգնեմ: Սնանկացած վիճակով ամուր կկանգնեմ իր կողքին»,-նշեց Հարությունյանը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է զբաղվում Գագիկ Ծառուկյանը, բանախոսն ասաց. «Բարեգործությո՞ւն է անում: Ես բարեգործություն չեմ տեսել: Եթե մատիտ-գրիչ տալը համարում եք բարեգործություն, դա բարեգործություն չի:  Բարեգործությո՞ւն է, երբ «Բարգավաճ Հայաստանը» խնջույք է կազմակերպում և քաղաքապետարանի բյուջեից 8 մլն դրամ են փոխանցում այդ խնջույքի ծախսերը փակելու համար»:

Իսկ հարցին, թե կա՞ն արդյոք հստակ փաստեր, Հարությունյանը նշեց, որ դա իրավապահ մարմինների գործն է:

Նույն շարքից