Քաղաքական 

Վարչապետը հաստատեց, որ կրճատումներ կլինեն, բայց գերանդիով հունձ չի լինելու

Այսօր՝ մարտի 6-ին, խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի գրությանը, որին անդրադարձել էր նաև ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը և որը վերաբերում է հնարավոր կրճատումներին (10 հազար թիվն է նշվում), հայտարարեց, որ գրության մեջ ասված է՝ եթե պարզվի 10 հազար արդյունք չստեղծող մարդ կա, պետք այդ մարդկանցից ազատվել. «Սրան Հանրապետականի ներկայացուցիչներն ասում են՝ այս ի՞նչ եք ասում, այսինքն՝ նրանք խոստովանում են կառավարման համակարգի իրենց պատկերացումը՝ ո՞նց, կառավարման համակարգում պետք է արդյունք ստեղծող մարդիկ լինե՞ն: Այս արձագանքը շատ կարևոր է հասկանալու համար, թե ինչպես է ՀՀ-ն կառավարվել: Հո արդյունք ստեղծելով չի կառավարվել, ծանոթ, ընկեր բարեկամ, ընտրակեղծարար լցվել են պետական համակարգ»:

Փաշինյանը նշեց, սակայն, որ իրենք գերանդին չեն վերցնելու ու հնձեն պետական համակարգը․ «Այս պրոցեսի արդյունքում կրճատումները կլինեն մինիմալ, առվազն կարճաժամկետ առումով: Կրճատումները կլինեն կրկնվող նախարարությունների, կրկնվող օղակների շրջանակներից: Օրինակ եթե երկու նախարարություններ միավորվեն, միավորված նախարարությունը չի կարող ունենալ երկու իրավաբանական վարչության պետ: Սակայն եթե մարդն իրավաբանական վարչության պետ է, նշանակում է, որ պետք է լինի բարձր որակավորման իրավաբան, հետևաբար իր զբաղվածության հարցը լուծելու խնդիր պետք է չունենա: Նույնը վերաբերում է հաշվապահներին: Չկրկնող օղակներից որևէ կրճատում չի լինելու»:

Վարչապետը նշեց, որ բոլորը շանս են ստանալու ապացուցելու, որ նոր պայմաններում պատրաստ են ու կարող են նոր չափանիշներով աշխատել: Փաշինյանի խոսքերով, այսօր պետական համակարգում նստած մարդիկ կան, ովքեր որևէ բանով չեն զբաղվում, սպասում են, որ «Mulberry»-ով ինչ-որ հետաքրքիր բան շրջանառվի, որպեսզի իրենց Հանրապետական ղեկավարներին ուղարկեն. «Այս աղմուկը դիագնոզ է այն ամեն ինչի, ինչ Հայաստանում տեղի է ունեցել: Կա չէ՞ նման բան, որ ինչ-որ մեկն ասում է՝ վայ բռնեք, փախավ ու բոլորը վազում են այդ ուղղությամբ: Ես խնդրում եմ վազելուց առաջ կանգնել ու հարցնել՝ ո՞վ փախավ, ո՞ւր փախավ, ինչո՞ւ փախավ: Արդյունքում կպարզվի, որ վազելու կարիք չկա, որովհետև որևէ մեկը որևէ տեղ չի փախնում»:

Նույն շարքից